Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենն այսօր, ապրիլի 24-ի առթիվ հրապարակված ուղերձում կրկին օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։
«Այսօր մենք կրկին մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու այն մարդկանց, որոնք կյանքից զրկվեցին Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Մենք նաև վերահաստատում ենք [այդ իրադարձությունները] երբեք չմոռանալու մեր հանձնառությունը», - նշված է Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնելով 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորաբար՝ Պոլսի հայ մտավորականների ձերբակալության, ապա նաև մեկուկես միլիոն հայերի մահվան մասին, Բայդենն ընդգծում է. - «Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդի տոկունությանը։ Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին առերեսվելուց հետո վերապրածները ձեռնամուխ եղան աշխարհի համար ավելի լավ ապագա կերտելու գործին: Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը, պահպանեցին իրենց մշակույթը և պատմեցին իրենց պատմությունները՝ որպեսզի 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն»։
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանության շուրջ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ: Թուրքիան այն հերքում է:
Միացյալ Նահանգները Հայոց ցեղասպանությունը ճանաչել է թե՛ նախագահի, թե՛ Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Մանրամասները տե՛ս այստեղ