Չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է, նշված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած ուղերձում:
«Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է», - մասնավորապես նշված է հաղորդագրությունում։
Հայաստանի ԱԳՆ-ը ընսգծում ՝ 21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. «150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը»։
«Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով», - ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է