«Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը». Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրվա առթիվ հղած ուղերձում:

«Այլատյացությունը պետական քաղաքականություն դարձրած Ադրբեջանը և Թուրքիան, որ իրենց կոչում են մեկ ազգ՝ երկու պետություն, այժմ էլ խաղաղասիրական կեղծ թեզերով փորձում են բթացնել միջազգային հանրության զգոնությունը և ավարտին հասցնել անցյալ դարասկզբին սկսած հանցագործությունը՝ հանուն պանթյուրքիզմի իրենց վաղեմի ծրագրի», - նշված է ուղերձում:

Երրորդ նախագահն ընդգծել է՝ «խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով: Դա ավելի շուտ հպատակեցման, ոչ թե խաղաղության ճանապարհ է»:

«Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի: Արցախն ապօրինաբար ճանաչելով Ադրբեջանի մաս՝ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը պատմական արդարության, սեփական իրավունքների վերականգնման համար որակում որպես սպառնալիք պետությանը: Դա կարող է սպառնալիք լինել միայն իրենց աթոռի կորստյան, բայց ոչ երբեք պետության համար», - նշել է Սարգսյանը:

«Մենք այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը և պահանջում Հայաստանի Հանրապետության կառավարիչներից՝ պետության օրակարգում պահել հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը», - նշել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է՝ «Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում» և հավելել. - «Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը»: