Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ, սա արձանագրել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։
Երեկ «Ազատության» Սյունիքի թղթակիցն էր նկարահանել Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը, որը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել էր Լաչինի միջանցքը, շարժվել դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խոհրդի քարտուղարի «Արմենպրես»-ին տված պարզաբանումը։
Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի ու Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
Սարգիս Խանդանյանը հերքում է լուրերը, թե խաղաղապահները կարող են մնալ Հայաստանում
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ևս կտրուկ հերքում է լուրերը, թե խաղաղապահները կարող են մնալ Հայաստանում՝ նշելով, որ նման պայմանավորվածություն չկա։
«Խաղաղապահների մի քանի խումբ եկել է ու կազմակերպում է իրենց աշխատանքների ավարտը մշտական տեղակայման վայրերում», - ասաց նա։
Խաղաղապահները ժամանակավոր տեղակայման վայրեր ունեին Գորիսում և Սիսիանում։ Ըստ ԱԽ-ի՝ տեղանքն ընտրվել էր այդ թվում՝ ժամանակին Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով։
«Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, չի կարող մնալ նաև Հայաստանում», - ասված է քարտուղարի մեկնաբանությունում։
Եթե հստակ է, որ ռուս խաղաղապահները եկել են Հայաստան, ապա հեռացել, ապա նույնքան պարզ չէ, թե ինչ է սպասվում Տավուշում ու Սյունիքում տեղակայված ռուսական հենակետերին, որոնք ստեղծվել են 2020 թվականի պատերազմից հետո։
Շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը Լոռու մարզում տված ճեպազրույցում նշել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուսական ուժերը Տավուշում անելիք չեն ունենա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը փաստացի հաստատեց՝ ռուս սահմանապահները դուրս կգան ՏավուշիցՓաշինյանի այս հայտարարությանը երեկ արձագանքել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլն արձագանքում է ռուս սահմանապահներին Տավուշից դուրս բերելու Փաշինյանի հայտարարությանըՏավուշում գործող ռուսական հենակետերն իսկապես պատկանում են 102-րդ ռազմակայանին, այս մասին կարելի է տեղեկանալ 2022 թվականին հունիսի 17-ին ընդունված կառավարության մի որոշումից, որը փոփոխություններ էր կատարել Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործող «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրությունում՝ հավելելով նոր կետեր։
Ռուսական հենակետերն ավելորդ են ոչ միայն Տավուշում, այլև Սյունիքում. քաղաքագետ
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ ռուսական հենակետերը ավելորդ են ոչ միայն Տավուշում, այլև անգամ Սյունիքում, որտեղ սահմանազատման գործընթաց չի սկսվել։
«Ես կարծում եմ՝ դրանք շատ վաղուց են Հայաստանում ավելորդ դարձել, պարզապես քաղաքական կոնյուկտուրան հաշվի առնելով, ռիսկերը հաշվի առնելով՝ դրա մասին առանձնապես չի բարձրաձայնվում, բայց ես չեմ կարծում, թե դրանք որևէ հավելյալ օգտակար գործողություն կամ գործակից, կամ արդյունք ցուցադրում են։ Ինչ-որ պահի բնականաբար, հարցը բարձրացվել է, հարցը դրվել է նրանց՝ այդ տարածքից դուրս գալու մասին», - ասաց նա։
Վարչապետի՝ շաբաթ օրվա հայտարարությունից հետո որևէ հստակեցում չի մտցվել Տավուշում ռուսական հենակետերի վերաբերյալ, իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան, ըստ պայմանագրի Հայաստանում մնալու է մինչև 2044 թվականը։