Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 23-ին տեղադրվել է առաջին սահմանային սյունը, հայտնում են կառավարությունից։ Հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում կոնկրետ տեղանքի անունը։

Հաղորդվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն այսօր սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն հայտնեցին, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման աշխատանքներ: