Դեպի Վրաստան ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ այստեղ են գիշերել։

Համայնք են վերադարձել վարչական շրջանների ղեկավարները, որ երեկ Երևանում հանդիպել էին կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանց խոսքով՝ իրենց ասվել է, որ ամեն ինչ արվելու է այնպես, ինչպես հայտարարվել է։ Մի քանի ժամ առաջ արդեն գյուղապետարանի դիմաց էին նաև քաղաքացիներ հավաքել։ Գյուղապետը ևս այստեղ էր։

Նա հերքեց լուրերը, թե պատրաստվում է հրաժարական տալ։ Ասաց՝ չի կարող «մարդկանց անտեր թողնել»։

Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասն է, մասնավորապես կամուրջի հատվածն է, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Հիմա սահմանազատման գործընթացը Ոսկեպար-Բաղանիսի հատվածում է, և արդեն երկրորդ փուլով կսկսվի Կիրանցի հատվածում։

«Ոչ մի գնալ-գալ չի լինելու, ո՞նց կարաս թուրքի մեջով անցնես։ Եթե թուրքը մտնում է քո տուն, ո՞նց կարաս թուրքի հետ ապրես։ 10-20 մետր դպրոցից հեռու թուրքը, դու քո երեխուն ո՞նց կարող ես ուղարկել դպրոց», - ասաց տավուշցիներից մեկը։

Սահմանին առաջին սյան տեղադրելու մասին լուրից հետո նրանք սկսեցին քննարկել, թե որ հատվածում է այն դրվել։ Նրանցից մեկն ասաց, որ կարծես թե նման է Ոսկեպարի եկեղեցու հարակից հատվածին։ Սակայն, հստակ որևէ տեղեկություն այդ մասին չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը