Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար:
ԱԱԾ-ն ու Ներքին գործերի նախարարությունը հայտարարում են՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում՝ նշելով՝ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում:
«Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին», - նշված է հաղորդագրությունում:
Բնակիչները հեռվից ցույց են տալիս, որ հենց Բաղանիս Այրումի թմբին կանգնած է ադրբեջանական զինուժը, սա լարվածություն է առաջացրել Բաղանիսի բնակիչների մոտ: Ասում են՝ այս պահից սկսած Բաղանիս Այրումի շրջանում, ըստ էության, սահմանազատումն արդեն տեղի է ունեցել և այլևս այդ ճանապարհով հայկական մեքենաներն իրավունք չունեն անցնելու:
Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից
Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները հանդիպեցին բնակիչների հետ: Նրանք դժգոհ էին երեկ փոխվարչապետի հետ ունեցած հանդիպումից, ասացին, կոնկրետ նշվել է, որ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ կտեղադրվեն հատուկ նշաններ:
Վարչական ղեկավարները ևս բավականին զայրացած էին, այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ բողոքի ակցիաները այսօր կշարունակվեն:
Իրավիճակը լարվել է ուրբաթ օրվանից, երբ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։ Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։