Հայաստանը բախվում է անվտանգության ամենօրյա սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմի հարձակումների, Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ադրբեջանն օգտագործել է տարբեր լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր՝ հայկական տարածքներ աստիճանաբար զավթելու համար: Տեղադրելով կեղծ տեսանյութեր, որոնք իբրև ցույց են տալիս հայկական զորքերի տեղաշարժը՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր՝ հարձակման համար պարարտ հող նախապատրաստելու և սեփական ագրեսիան արդարացնելու համար», - նշել է Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ է կազմակերպում. - «Մտահոգիչ է, որ Ռուսաստանի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը և խոսել հայ ժողովրդի անունից»:
«Հայաստանի դեմ Ռուսաստանի և Ադրբեջանի հիբրիդային հարձակումը, որը կապված էր ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման հետ, և որին մասնակցում էին Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը, ասվածի վառ օրինակն է: Ապատեղեկատվությունն ու ահաբեկումն օգտագործվել են այս հանդիպման կայացումը կանխելու համար, և քանի որ այն չհաջողվեց, փորձ արվեց խեղաթյուրել հանդիպման արդյունքները: Ի պատասխան վերջին իրադարձություններին` Հայաստանի կառավարությունն արգելեց ռուսական պետական հեռուստատեսությամբ քարոզչական հաղորդման հեռարձակումը Հայաստանի տարածքում՝ ատելության խոսքի տարածումը և Հայաստանի ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու նպատակով:», - հավելել է Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի նախագահը հայտարարել է՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության իր հանձնառության մեջ և մերժում է պատերազմի ցանկացած դրսևորում մեր տարածաշրջանում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը. - «Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը չի բացառում Հայաստանում ռուսական ալիքների եթերազրկումը