Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 թռիչք է այսօր հետաձգվել։ Չվերթներից մեկն էլ դեպի Դուբայ էր, որի ուղևոր Էսմա Դալլաքյանը հանդիպումից ուշացել է՝ ոչ իր մեղքով, Սևակ Զախարյանն էլ՝ լրատվամիջոցներից է իմացել։
«Ցավոք սրտի, ոչ մի զգուշացում չի եղել ո՛չ ավիաընկերության կողմից, ո՛չ «Զվարթնոց»-ի կողմից, պատահական լսել եմ ռադիոյով, երբ որ արդեն հասնում էի: Զգուշացված չեմ եղել, հանդիպում ունեի երեկոյան պլանավորած, որը հետաձգվելու է», - նշե Դալլաքյանը:
«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացրին, որ թռիչքուղիների վերանորոգման պատճառով են հետաձգվել Երևանից Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ, Քիշնև չվերթների, ինչպես նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։
Ավետիս Բարսեղյանն էլ Մոսկվայով Չինաստան է մեկնում. - «Մեր չվերթն ընդամենը 40 րոպե է հետաձգվել, տեղյակ չեն պահել, եթե շարունակի հետաձգվել, նեղություն կտա, որովհետև մենք տրանզիտ ենք թռնում»:
Փաստացի ավելի քան 8 ժամ ո՛չ մեկնել, ո՛չ ժամանել են։ Թե ինչո՞ւ ուղևորները տեղեկացված չեն եղել նախապես, «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանն ասաց, որ ուղևորները այդ հարցը պետք է ճշտեն ավիաընկերությունից՝ պնդելով, ըստ սահմանված կարգի «Զվարթնոց»-ը թռիչքից մի քանի օր առաջ ավիաընկերություններին տեղեկացրել է։ Հարցին՝ տրանզիտ թռիչքներից ուշանալու դեպքում ուղևորները փոխհատուցում կստանա՞ն, մամուլի քարտուղարը սլաքները կրկին ուղղեց ավիաընկերությունների ուղղությամբ։
Մողրովյանը նաև չպարզաբանեց՝ ինչով էր պայմանավորված վազքուղիների հրատապ վերանորոգումը։
Ի տարբերություն Մոսկվա և Դուբայ մեկնողների՝ «Վիզեյր»-ով Աբու Դաբի ուղևորվողները վաղ առավոտյան ավիաընկերությունից տեղեկացվել էին թռիչքի հետաձգման մասին, սակայն սա էլ պատճառ չէր հանգիստ նյարդերով օդանավին հասնելու համար։
Աբու Դաբի մեկնող Կարինե Սիմոնյանի հետ Տեղեկատվական բաժնի մոտ մի քանի տասնյակ ուղևորներ վրդովված պահանջում էին գրանցել իրենց ուշացած թռիչքին։ Ի վերջո, բողոքը տեղ հասավ։
Օտար ափերին մնացած հայերն էլ սոցիալական ցանցերում իրենց անհանգստություն էին հայտնում հետաձգված թռիչքների վերաբերյալ։
«Զվարթնոց»-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ չվերթները վերականգնվել են արդեն և 13։30-ից սկսված ուշացումներ դեռ չկան։