Գուտերեշը ողջունել է երեկվա համաձայնությունը, կոչով դիմել Երևանին ու Բաքվին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը կոչ է արել կողմերին շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանագծումն ու սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։

Դյուժարիկն ընդգծել է, որ գլխավոր քարտուղարը ուշադիր հետում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քարտեզ. Ի՞նչ են նախնական պայմանավորվել Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում սահմանազատման հարցում

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:

Վաշինգտոնը, ԵՄ-ն ևս ողջունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, կարևոր քայլ համարել խաղաղության համաձայնագրի կնքման համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հուսադրող նորություն. ԵՄ-ն արձագանքում է Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին