Հայկասարցի Սմբատ Գրիգորյանը անցած տարվանից տանն ամբարած գարի ունի, բայց ստիպված վարկ է վերցրել, որ հավաստագրված սերմացու գնի ու պետական սուբսիդիա ստանա։ Սա կառավարության պայմանն է՝ առանց հավաստագրված սերմացուի գործադիրը գյուղացուն չի օգնի։
«Ստիպված մի կտոր թղթի համար վարկ եմ վերցրել», - ասում է նա, հարցնում՝ ծրագրով պահանջած սերմացուն գնել է, իսկ 15 տոննա ամբարած սերմացուն ի՞նչ անի։
«Կարո՞ղ է ինքը գա, 170 դրամով իմ գարին վերցնի, ես ուրախ կլինեմ, որ էդ գնով առնի, բայց ինքը չի առնի չէ՞։ Պրծավ։ Հիմա շարել եմ, որ չփչանա, մկները չտանեն։ Հիմա էլ մոլորել եմ, թե էս գարին ուր պիտի հանեմ, որ գարունը բացվեց, տաք է, պիտի էստեղից հանեմ գարիս, ուր պիտի տանեմ։ Էն վախտ հույս ունեի, որ էլի մի քանի տոննա կտանեմ, կցանեմ, չի մնա, բայց հիմա էդ հույսն էլ չկա», - նշեց նա։
Գյուղացին մատը չի տանի, իր աչքը չի հանի, որ վատ սերմ ցանի ու քիչ բերք ստանա, վստահ է 28-ամյա գյուղատնտեսը։
Կառավարությունը փոխհատուցում է գյուղատնտեսական աշխատանքների ու սերմացուի ծախսի 50 տոկոսը, հացահատիկի դեպքում մեկ հեկտարի համար՝ 70 հազար դրամ։ Ամենաթանկը՝ 110 հազար դրամ կորնկանի ու առվույտի մեկ հեկտարի փոխհատուցումն է։ Սմբատը կորնկան էլ է ցանելու, բայց քանի որ գարու հետ խառը ցանքս է անելու, ոչ թե 110, այլ 70 հազար դրամ կստանա։ Պնդում է՝ առանց գարու կորնկան չի ցանվի, սա պապերից է եկել։
«Իրենք չեն հարցնում գյուղացուն՝ ինչպես է ճիշտ մշակելը, իրենք իրենց համար կորոշեն, կմտածեն՝ սա է ճիշտ ու էդ օրենքը կդնեն, բայց չի կարա էդպես բան լինի։ Հիմա ի՞նչ տարբերություն՝ ես նույն գնի ավելի թանկ կորնկանն եմ առնում, նորից գարին էլ եմ թանկ առնում, ցանում եմ, ես դա պիտի հաշվեմ գարի՝ 70 հազար դրամ, բայց այդպիսի բան գոյություն չունի ոչ մի տեղ՝ առանց գարու կորնկանը չեն ցանում», - ասաց նա։
Չնայած դժվարություններին, Գրիգորյանի խոսքով՝ Հայկասարում անմշակ հող չի մնում, 400 հեկտար ունեն, այդքանն էլ մշակում են. - «Սաղինն էլ մնացել է, ի՞նչ անեն, պիտի վերցնեն, էլի, որ փողը տալիս են, էլի էնդեղից վերցնեն էնդեղ, հողը մշակեն, որ հողը պարապ չթողնեն։ Էնդեղից վերցնեն, դնեն էնտեղ, գյուղացու ամոթն է, որ հողը պարապ չպիտի մնա։ Ամեն ինչը թանկով առել եմ, այսինքն՝ սուբսիդիա պարարտանյութը՝ թանկ, սալյառկեն՝ թանկ, հացահատիկը սաղ՝ թանկ, բայց ես արեցի, պրծա, պիտի էժան ծախեմ, կես գնով։ Հիմա չեղա՞վ, որ քաշվում եմ, ուղղակի հողն ամոթ է, որ թողենք պարապ»։
Սմբատը երկու երեխա է մեծացնում, հայրական տան կողքին իր տունն է կառուցել, հույս ունի՝ կառավարությունը օգնողի և ոչ թե խանգարող դերում կլինի։ Հակառակ դեպքում, ասում է, ինքն էլ կբռնի արտագաղթի ճամփան։