Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ ստի և կեղծիքի մեղադրանք են հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին, հայտարարել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ նշելով՝ Հանրային հեռուստաընկերությունը, «ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին»:
«Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։
Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։
Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին», - մասնավորապես գրել է Արթենյանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը հիշեցնում է, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր Հայաստանի իշխանություններին՝ «ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։
Ապրիլի 9-ին Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարել էին. «Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։
Այս ամենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը որակել էր որպես «ֆեյք նյուզ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ֆեյք նյուզ», «ֆեյք կառավարություն». ՔՊ-ից՝ Մայր Աթոռին, Տավուշի թեմից՝ իշխանությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը