Կանադան միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը, տեղեկացնում է առաքելության X-ի էջը՝ նշելով, որ երեկ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։
«Շնորհակալություն Կանադա՝ արժեքավոր համագործակցության համար»,- ասված է առաքելության X-ի էջում։
Կանադայի առաքելությունն էլ X-ի իր էջում, ողջունել է այս փաստը․ - «Ուրախ ենք, որ կանադացի փորձագետը միանում է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ շարունակելով ԵՄ առաքելություններին մասնակցելու Կանադայի երկարամյա ավանդույթը»։
Դեռ 2023-ի հուլիսին Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ Կանադան մասնակցելու է Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ նշելով, որ Կանադան ԵՄ-ի կողմից ընդունվել է որպես առաքելության երրորդ կողմ։
Պաշտոնական Երևանն էլ ողջունել էր՝ նշելով, որ բարձր է գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ողջունում է Կանադայի՝ ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու նախաձեռնությունըԵՄ առաքելության նպատակն է նպաստել «Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, ստեղծել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող տարածքներում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»:
ԵՄ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ի փետրվարից։ Այն ժամանակ առաքելության կազմում 100 հոգի էր։ Հիմա արդեն 138-ն են դիտորդները, մինչև սեպտեմբեր 209 հոգանոց կազմ կունենան։
Բաքուն բազմիցս քննադատել է առաքելությունը՝ նշելով, թե «առաքելությունն ակտիվորեն օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք, իսկ Կանադայի անդամակցումը դե ֆակտո այն դարձնում է ՆԱՏՕ-ի առաքելություն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ է գնահատում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում․ Բորել