«Կհեռանանք, երբ տներն ավերվեն»․ մոտ 700 մարդ դեռ Դոնեցկի Չասով Յարում է

Չասով Յար, փետրվար, 2023թ․

Մոտ 700 մարդ է մնացել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքում, որի ուղղությամբ ռուսական զորքերը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն ուժեղացրել են հարձակումը։

«Ազատության» "Свобода.Утро" ռադիոկայանին քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Չաուսը հայտնել է, որ բնակիչները չեն ենթարկվում իշխանությունների՝ տարհանման կոչերին՝ նշելով, որ կհեռանա, երբ իրենց տներն ավերվեն։

Քաղաքապետի խոսքով՝ գնալով դժվարանում է տարածք մարդասիրական օգնություն հասցնելը։ Բնակիչները նույնիսկ զգուշացվել են, որ ինչ-որ պահից հնարավոր է օգնություն այլևս չմատակարարվի։

«Կան տարածքներ, որտեղ մենք այլևս չենք կարող գնալ անօդաչու թռչող սարքերի պատճառով»,- ասել է Սերգեյ Չաուսը:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը։

Մեկ օր առաջ էլ Սիրսկին հայտնել էր, որ իրավիճակը Ուկրաինայի արևելյան ճակատում վերջին օրերին զգալիորեն սրվել է։

Չասով Յարը Ուկրաինայի պաշտպանության համար կարևոր բնակավայր է՝ Բախմուտից արևմուտք, ինչպես նաև Ավդեևկայից արևմուտք։ Մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը կազմում էր 13 հազար մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը ցանկանում է մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Ուկրաինայի ԶՈւ