Ռուսական բանակը ցանկանում է մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկի

Ռուսաստանի բարձրագույն ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել իր զորքերի առջև մինչև մայիսի 9-ը գրավել Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքը, ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Սիրսկիի խոսքերը մեջբերել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջը։ Հրամանատարը նշել է, որ ուկրաինական բրիգադները ամեն կերպ զսպում են հակառակորդի ամենօրյա հարձակումները։ Գեներալ-գնդապետի խոսքով՝ ռուսների առանձին խմբեր հասել են Նովի միկրոշրջան, սակայն ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի հարվածներից և հրետանային կրակից։

Ապրիլի 5-ին և 9-ին DeepState նախագծի վերլուծաբանները զեկուցել են Չասով Յարի արևելքում և Բոգդանովկայում ռուսական զորքերի առաջխաղացման մասին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի շաբաթվա հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տալիս ռուսական ուժերի կենտրոնացվածությունը ռազմաճակատի այս հատվածում, նշում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը։

Մեկ օր առաջ՝ ապրիլի 13-ին, Ալեքսանդր Սիրսկին հայտնել էր, որ իրավիճակը Ուկրաինայի արևելյան ճակատում վերջին օրերին զգալիորեն սրվել է։ Ինչպես նշել է Սիրսկին, մարտին Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ռուսական զորքերը զգալիորեն ուժեղացրել են հարձակողական գործողությունները։

Չասով Յարը Ուկրաինայի պաշտպանության համար կարևոր բնակավայր է՝ Բախմուտից արևմուտք, ինչպես նաև Ավդեևկայից արևմուտք։ Մինչև պատերազմը քաղաքի բնակչությունը կազմում էր 13 հազար մարդ։