Տարբեր ավիաընկերություններ չվերթներ են չեղարկել, այդ թվում՝ Երևան-Թեհրան

Մերձավոր Արևելքի խոշորագույն ավիաընկերություններ հայտարարել են իրենց որոշ չվերթների չեղարկման կամ երթուղին փոփոխելու մասին՝ տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով։

Kuwait Airways-ը կիրակի վաղ առավոտյան հայտնել է, որ որոշել է փոխել բոլոր մուտքային և ելքային թռիչքների երթուղին լարված գոտիներում՝ տարածաշրջանում անվտանգային իրավիճակի և իր ուղևորների մտահոգությունների պատճառով:

Emirates Airlines-ը հայտարարել է իր որոշ չվերթների չեղարկման և մյուսների երթուղիների փոփոխության մասին։

Եվրոպական Austrian Airlines-ը դադարեցրել է իր բոլոր թռիչքները դեպի Թել Ավիվ, Էրբիլ և Ամման, հավանաբար մինչև ապրիլի 15-ը, իսկ մինչև ապրիլի 18-ը չի իրականացնի թռիչք դեպի Թեհրան։

Բացի այդ, Իրանի մի շարք քաղաքների օդանավակայաններ մինչև երկուշաբթի առավոտ չեղարկել են ներքին, Իմամ Խոմեյնիի միջազգայինը՝ նաև հանրապետությունից դուրս թռիչքները։

Երևանից ևս չեղարկվել են թռիչքներ դեպի Թեհրան և հակառակը (Airmenian Airways-ի, Sepehran Airlines-ի), սակայն ոչ բոլորը։

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը ևս դադարեցրել է թռիչքները դեպի Ամման, Բեյրութ, Էրբիլ և Թել Ավիվ առնվազն մինչև երկուշաբթի։

Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը խոսվել է։ Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։

Իրաքը, Հորդանանը, Իսրայելը վերաբացել են իրենց օդային տարածքները։