Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը կառույցի ղեկավարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով հաստատել է ներկայիս կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիևային։
«ԱՄՀ-ի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է Կրիստալինա Գեորգիևայի թեկնածությունը ԱՄՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով՝ սկսած 2024 թվականի հոկտեմբերի 1-ից: Խորհուրդը որոշումն ընդունել է միաձայն»,- ասվում է ԱՄՀ-ի պաշտոնական հայտարարությունում:
Գործադիր տնօրենների խորհուրդն անհատական հարցազրույցներ է անցկացրել Գեորգիևայի հետ, ինչից հետո վերջնականապես հաստատել է 70-ամյա բուլղարուհի տնտեսագետի թեկնածությունը։
«Որոշումը կայացնելիս խորհուրդը բարձր է գնահատել Գեորգիևայի վճռական և ճկուն ղեկավարությունը նրա պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչը հնարավորություն է տվել հաղթահարել մի շարք լուրջ գլոբալ մարտահրավերներ», - ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
«Ես խորապես երախտապարտ եմ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի վստահության և աջակցության համար: Վերջին տարիներին ԱՄՀ-ն օգնել է մեր անդամ երկրներին հաղթահարել հաջորդական ցնցումները, ներառյալ համաճարակը, պատերազմներն ու հակամարտությունները, ինչպես նաև գնաճային ճգնաժամը»,- հայտարարել է վերընտրված Գեորգիևան: