Ըստ թուրքական պարբերականի՝ Պուտինը մինչև ապրիլի վերջ կարող է մեկնել Թուրքիա

Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, արխիվ

Yeni Şafak իշխանամետ թուրքական պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև այս ամսվա վերջ կարող է մեկնել Թուրքիա:

Թուրքական մամուլը նախկինում բազմիցս հայտնել է Ռուսաստանի ղեկավարի այցի հնարավորության մասին, սակայն պաշտոնական Անկարան դեռևս չի հաստատել այդ տեղեկությունը։

Պուտինի այցի հնարավորության մասին մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո խոսել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապրիլի 8-ին նշել է, որ երկու նախագահների շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, ավելացնելով, որ հստակ ժամկետը դեռ չի որոշվել:

Ըստ Yeni Şafak-ի՝ երկու ղեկավարների բանակցությունների օրակարգում կարող է լինել 2022 թվականի հուլիսին համաձայնեցված «հացահատիկի միջանցքի» աշխատանքը վերսկսելու հարցը: Հնարավոր է անդրադարձ նաև Ուկրաինայի պատերազմի թեմային և դրա դադարեցմանը նպաստելու Անկարայի ջանքերին:

Երեկ թուրքական մամուլում հայտնվել են տեղեկություններ, որոնց համաձայն, Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագիծ, որը հիմնված է 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրերի վրա։ Մինչդեռ, Türkiye թերթը հայտնել է, որ Պուտինի այցը Թուրքիա, հավանաբար, տեղի կունենա մայիսին: Ըստ պարբերականի՝ Թուրքիայի արտաքին գերատեսչությունն աշխատում է Պուտինի այցի կազմակերպման ուղղությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի այցը Թուրքիա հետաձգվել է