Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց վերջին ամիսներին ակտիվորեն քննարկվող մոբիլիզացիայի մասին օրենքը, որով խստացվում են գործող պայմանները։ Ընդ որում՝ օրինագծից հանվել է դրույթը, որով նախատեսվում էր զորացրել երեք տարի շարունակ բանակում ծառայած զինվորներին. սա պաշտպանության նախարարի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խնդրանքն է եղել։
Ուկրաինայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆյոդոր Վենիսլավսկին պարզաբանել է, որ կառավարությունը զորացրվելու վերաբերյալ առանձին օրինագիծ կմշակի։
«Նախ՝ դեմոբիլիզացիայի մասին խոսելը տեղին չէ, երբ երկրում ռազմական դրություն է։ Կառավարությունը ռազմական ղեկավարության հետ միասին նոր օրինագիծ կմշակի, որը կկարգավորի որոշակի ժամկետ ճակատում գտնվողների զորացրումը», - հայտարարել է Վենիսլավսկին:
Այս օրենքի հիմնական խնդիրներից մեկը զինծառայության պարտավորություն ունեցող բոլոր անձանց հաշվառելն է, բոլորի տվյալները թարմացնելը։ 18-ից մինչև 60 տարեկան տղամարդիկ պարտավոր են երեք ամսվա ընթացքում զինկոմիսարիատներում կամ էլեկտրոնային հարթակում պարտադիր թարմացել իրենց տվյալները։ Կոշտ միջոցներ են նախատեսված զինծառայությունից խուսափողների համար։
Հատուկ նշված են նաև Ուկրաինան լքած 18-ից 60 տարեկան տղամարդկանց պարտավորությունները։ Նրանք, օրինակ, կարող են դիմել ուկրաինական անձնագրի համար, եթե ունեն զինվորական հաշվառման փաստաթուղթ։ Ուկրաինայի իշխանությունները միևնույն ժամանակ պնդում են, թե արտերկիր մեկնած ուկրաինացիների «որս» չեն սկսելու։
Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրելուց մեկ ամիս անց։
Պատգամավոր Ֆյոդոր Վենիսլավսկին «Ազատությանը» տված հարցազրույցում խուսափել է ասել, թե Ուկրաինայի իշխանությունները քանի մարդու են ուզում զորակոչել ճակատ այս օրենքով։
«Ես չեմ կարող տվյալներ հնչեցնել, սա հրապարակման ենթակա տեղեկություն չէ ։ Բայց կարող եմ ասել, որ այս օրենքով մենք նախ և առաջ ուզում ենք հասկանալ, թե ինչ ներուժ ունենք, ովքեր են Ուկրաինայում, ովքեր են լքել երկիրը։ Պետությունը պետք է հստակ հասկանա, թե ինչ ներուժ ունի սեփական տարածքներն ազատագրելու համար։ Օրինագծում արկա բոլոր սահմանափակումներն էլ ունեն ժամանակավոր բնույթ», - նշել է ուկրաինացի խորհրդարանականը:
Ուկրաինայում ռազմական դրություն է հաստատվել ռուսական լայնամասշտաբ ներխուժման առաջին իսկ օրվանից՝ 2022 թվականի փետրվարի 24-ից։ Նույն օրը նաև զորահավաք սկսվեց, 18-ից 60 տարեկան տղամարդկանց արգելվեց լքել երկիրը։
Գործող օրենսդրական նորմերը, սակայն, ըստ իշխանությունների, հնարավորություն չէին տալիս արդյունավետ կազմակերպել զորահավաքային գործընթացը, արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ տղամարդիկ, չնայած արգելքին, լքել են պատերազմող երկիրը կամ հրաժարվել են ծանուցագրեր ստանալ։ Նոր օրենքը, ըստ դրա հեղինակների, հստակ կանոններ է սահմանում զորակոչի համար և խստացնում է դրանից խուսափելու համար նախատեսված պատիժները։
Իսկ Ռուսաստանում շարունակում է դե յուրե գործել 2022 թվականի սեպտեմբերին հայտարարված մասնակի մոբիլիզացիայի ռեժիմը։ Ներկայումս զորակոչ չկա, իշխանությունները նշում են, որ պայմանագրով զինվորական ծառայության են մեկնում բավարար թվով մարդիկ։ Ռուսական կողմը բանակ է զորակոչում նաև դատապարտվածներին, իսկ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե նոր մոբիլիզացիայի անհրաժեշտություն դեռ չկա։
Ռուսական բանակի թվակազմը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 15 տոկոսով։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների գերագույն հրամանատար Քրիստոֆեր Կավոլիի փոխանցմամբ՝ Ռուսաստանը առաջնագծում իր զորքերի թիվը 360 հազարից հասցրել է մինչև 470 հազարի։ Ուկրաինայի իշխանություններն էլ հայտարարում են, որ ռուսներն ամռանը նոր լայնածավալ հարձակում են ծրագրում։ Երկու տարուց ավելի տևող պատերազմը տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր է խլել, բայց ոչ ռուսական, ոչ էլ ուկրաինական կողմը վերջին մեկ տարում իր կորուստների մասին պաշտոնական տվյալներ չի ներկայացրել։