Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական պետական «Ռիա Նովոստի» գործակալությանը ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ։
«Հայաստանի Հանրապետութունը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու մտադրության մասին։ Այսօր այդպիսի տնտեսական քաղաքականություն են վարում գործնականում բոլոր երկրները։ Առևտրատնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու քաղաքականութունը ուղղված չէ որևէ միությունների, առավել ևս ԵԱՏՄ-ի դեմ», - ասել է Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ Բրյուսելը հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին հաջորդող չորս տարիների ընթացքում՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս հայտարարեց հավելյալ օգնության մասին, այս դեպքում աջակցությունը եվրոպականից մի քանի անգամ ավելի քիչ է՝ 65 միլիոն դոլար։ Հայաստանի վարչապետը երախտագիտություն հայտնեց շարունակական այս հանձնառության համար, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 270 մլն եվրո՝ Բրյուսելից, 65 մլն դոլար՝ ԱՄՆ-ից Երևանին 4 տարումՄայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Դեռ որոշում չկա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ այդ նիստին, թե՞ ոչ։ Երեկ վարչապետն ասաց, որ հարցը քննարկվում է, երբ որոշում լինի, այդ մասին լրացուցիչ կհայտարարեն։
Հայաստանը հունվարի 1-ից՝ մեկ տարով ստանձնեց Եվրասիական տնտեսական միության նախագահությունը։
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման փուլում անգամ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը կարևորել էր ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զախարովայի՝ Հայաստանը նշանակալից դիվիդենտներ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից