Հայ - ռուսական տևական լարվածության ու փոխադարձ մեղադրանքների պայմաններում Մոսկվան հայտարարում է Փաշինյան-Պուտին հնարավոր երկխոսության մասին։ Կրեմլի խոսնակն այսօր ասել է՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները մոտ ապագայում հնարավորություն կունենան քննարկելու երկկողմ խնդիրները։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերություններում բոլոր դժվար պահերը, որոնք ի հայտ են եկել վերջերս, կքննարկվեն և լուծում կգտնեն հենց նման երկխոսության շրջանակում», - ասել է Դմիտրի Պեսկովը, սակայն չի հստակեցրել, թե երբ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը։
Մայիսին Մոսկվայում երկու միջոցառում է նախատեսված, որոնց տեսականորեն կարող է մասնակցել Հայաստանի վարչապետը։ Մայիսի 7-ին նախատեսված է Պուտինի երդմնակալությունը, իսկ մայիսի 8-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Ընդ որում՝ այս կառույցն այս տարի նախագահում է Հայաստանը։
Հայաստանի վարչապետն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պուտինի երդմնակալությանը չանդրադարձավ, դրան մասնակցել- չմասնակցելու հարցն առայժմ չեն հստակեցնում նաև վարչապետի գրասենյակից։ Վարչապետը միայն ԵԱՏՄ նիստից խոսեց. - «ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստի մասնակցությունը քննարկվում է։ Երբ որոշում կլինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ակնկալում է, որ Մոսկվան ներդրումներ կանի 2002-ին պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկություններումԱյսօր ավելի վաղ խորհրդարանում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալիս Փաշինյանն ասել է, որ դրանք լավագույն ժամանակը չեն ապրում, դարձյալ պնդել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հանդեպ ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը, վարչապետի խոսքով, բազմաթիվ են։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել էր՝ Հայաստանը Ռուսաստանի հետ վիճելու ցանկություն չունի։
«Ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ», - հայտարարեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խրամատից խրամատ են վազում մարտի ժամանակ». ինչո՞ւ Միրզոյանը չի մասնակցում ԱՊՀ նիստինՕրերս Ռուսաստանի արտգործնախարարը մեղադրել էր, թե Հայաստանի իշխանությունները մտացածին պատրվակներով փչացնում են հայ - ռուսական հարաբերությունները։ Իսկ ապրիլի 5-ին Հայաստան - Եվրամիություն-Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի հանդիպումից հետո պաշտոնական Մոսկվան Հայաստանի իշխանություններին կոչ արեց «թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով»։
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն, ի դեպ, իր այսօրվա ճեպազրույցում մեղքի սլաքները դարձյալ Արևմուտքի կողմն է ուղղել. - «Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի իրականացնելու սեփական ներքին և արտաքին քաղաքականությունը։ Դա ակնհայտ է։ Բայց հարցն այն է, որ, ցավոք, մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունենում ոչ թե հայտարարված նպատակների օգտին, այլ հակասում է դրանց, ինչպես նաև խախտում է տարածաշրջանում ուժերի և շահերի հավասարակշռությունը»։
Մարիա Զախարովան պնդել է՝ եթե Արևմուտքը չխառնվեր, Երևանն ու Բաքուն Մոսկվայի միջնորդությամբ վաղուց կպայմանավորվեին։
«Մեր կողմից միշտ պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին երկու կողմերի համար էլ ընդունելի լուծում գտնելու համար, այդ թվում՝ դելիմիտացիայի հարցում», - նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Փարիզն այն տրամադրում է ՀՀ-ին․ դեսպանՈրպես արևմտյան հարթակների այլընտրանք Մոկսվան առաջարկում է Հարավային Կովկասի երեք երկրների ու Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությամբ երեք գումարած երեք տարածաշրջանային հարթակը, որը, սակայն, մինչև օրս միայն մեկ նիստ է անցկացրել Թեհրանում, և որին չնայած հայտարարված ձևաչափին, չի մասնակցել Վրաստանը։