«Ֆեյք նյուզ», «ֆեյք կառավարություն». ՔՊ-ից՝ Մայր Աթոռին, Տավուշի թեմից՝ իշխանությանը

Ցուցանակ Տավուշի մարզի ճանապարհին, արխիվ

Մայր Աթոռից տարածվող հայտարարությունները նորից իշխանականների սրտով չեն։

Երեկ Հայաստանի եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարել են. «Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը»։

Այս ամենն, ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի, ֆեյք նյուզ է. - «Մարդ չի իմանում՝ դա ինչ-որ ֆեյք նյուզերով լեցուն ընդդիմադիր օրաթերթ է, թե Մայր Աթոռի պաշտոնական կայքն է, - ասաց նա՝ շարունակելով, - Ի՞նչ է նշանակում ֆեյք նյուզ տարածել, թե իբր Հայաստանի Հանրապետությունը Տավուշի մարզից տարածքներ է հանձնում։ Էդ Մայր Աթոռին մեկը լինի, հարցնի՝ հարգելի՛ Մայր Աթոռ, Տավուշի մարզի այդ տարածքները, որ դուք նշում եք՝ իբր Խեյրիմլին, Կըզըլ Հաջիլին Տավուշի մարզի տարածք են, այդ տարածքն իրենից ենթադրում է ինչ-որ վարչատարածքային միավոր, էդ որտե՞ղ է գրված այդ վարչատարածքային միավորը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱԵ. Հերթական զիջումները լեգիտիմացնում են ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի կեղծ պահանջատիրությունը


«Ֆեյք նյուզ տարածողն էլ են իրենք, ֆեյք կառավարությունն էլ են իրենք, ընդհանրապես ֆեյք գոյությունն էլ են իրենք, կեղծիք բառիս բուն իմաստով», - արձագանքում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ սրբազանը բացատրում է՝ Տավուշի մարզ նշվել է 4 գյուղերի աշխարհագրական տարածքը նկարագրելու համար, հարցնում է ՝ առանց համաձայնեցված քարտեզի ինչպե՞ս է իշխանությունը դրանք ադրբեջանական գյուղեր ներկայացնում. - «Իրենք 2021թ. այդ գաղափարո՞վ են մանդատ ստացել, ոչ խաբել են։ Իսկ մեզ թող կեղծ իրավական դաշտ չփորձեն մտցնել՝ ՀԽՍՀ-ի սահման և այլն, ո՞ր քարտեզների հիման վրա, կարո՞ղ են ցույց տալ քարտեզ, չեն կարող։ Եվ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունից այսօր բազում տարածքներ են նվաճված թուրքերի կողմից, վերադարձրե՞լ են դրանք, դրանք քարտեզով ո՞ւր են գտնվում»։

Հոգևորականները վերջին հայտարարությամբ Հայաստանի իշխանություններին կոչ են անում պարտվողական գործելաոճից հրաժարվել, գրել են՝ «միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու՝ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր»:

«Ես իմ գիտակցական կյանքի ընթացքում մշտապես տեսա, որ
Մայր Աթոռը ինչից ասես խոսեց, բայց իր եկեղեցական հարցերից չխոսեց։ Օրինակ՝ կլինի՞ մի օր վեր կենա, կուսակրոնությունից խոսի, հետաքրքիր է, թե չէ մեկ քաղաքական հարցերից է խոսում, մեկ՝ ռազմական հարցերից», - նշեց ՔՊ-ական պատգամավորը։

«Լավ ենք անում, ճիշտ ենք անում՝ զբաղվում ենք, որովհետև իրենց արածը ոչ թե քաղաքականություն է, այլ խաբեբայություն է, ստախոսություն, կեղծիք, սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություն, բա ո՞վ պիտի ձեռքը բռնի», - պնդում է Տավուշի թեմի առաջնորդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի». Գարեգին Երկրորդ


Իշխանական Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկ չէ, մի քանի անգամ շեշտեց՝ Մայր Աթոռը թող կուսակրոնությունից խոսի, առանց մանրամասնելու, թե ամուրի մնալու եկեղեցական ուխտի որ դրվագն է հետաքրքում իրեն կամ հանրությանը։

«Ասենք՝ ես մեղավոր մարդ եմ, իր հանցանքը դրանից փոխվո՞ւմ է, իր ուրացումը, դավաճանությունը, ստախոսությունը դրանից փոխվո՞ւմ է, դա իրեն արդարացնո՞ւմ է, լավ, կուսակրոնությանն անդրադառնում ենք կամ չենք անդրադառնում, իրեն դրանից որևէ փոփոխություն լինո՞ւմ է իր կյանքում», - ասում է արքեպիսկոպոսը։

Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողությունները. Մայր Աթոռ

Եպիսկոպոսների ու թեմերի առաջնորդների հայտարարությունը դուր չի եկել Բաքվին, ավելի կոնկրետ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեին։

«Այսօր հայ եկեղեցին՝ կաթողիկոսի գլխավորությամբ աշխարհով մեկ ռևանշիզմ են քարոզում, չեն համակերպվում, որ Ադրբեջանն իր հողերն է ազատագրել»,- ասել է Փաշազադեն, որ մտածում է՝ տարեվերջին Բաքվում տեղի ունենալիք հոգևոր առաջնորդների հանդիպմանը Գարեգին Երկրորդ կաթողիկոսին հրավիրի, թե ոչ։

Մայր Աթոռից արձագանքել են Փաշազադեի մեղադրանքներին. Ադրբեջանն է ռևանշիստական քաղաքականություն վարում՝ 44-օրյա պատերազմով, Արցախի հայաթափմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմամբ, հայ գերիներին բանտերում պահելով։

«Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգևոր հեղինակությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները և նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը», - նշել էն Էջմիածնից։

Ի դեպ, Ամենայն Հայոց կաթողիկոսը 14 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցել է հոգևոր առաջնորդների գագաթնաժողովին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, աղոթել Բաքվի հայկական եկեղեցում։ Նոր հանդիպում կլինի՝ անորոշ է։