Ինչո՞ւ է Ադրբեջանը թիրախավորում հայկական բնակավայրերը. այս գիշեր էլ Տեղում մեկ տուն է վնասվել

Այս գիշեր էլ սահմանին հանգիստ չի եղել․ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ գիշերը ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական բանակը կրակ է բացել Սյունիքի մարզի Արավուսի և Խոզնավար գյուղերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Բաքուն էլ Երևանին է մեղադրել հրադադարը խախտելու համար, ինչը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել է։

Ի դեպ, թեև Պաշտպանության նախարարությունը Արավուսի հարևան Տեղ գյուղի մասին առանձին չի նշել, բայց Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ գիշերը նույն ժամանակահատվածում ադրբեջանական կրակոցներից Տեղ գյուղում վնասվել է ևս մեկ տան տանիք ու պատուհան։

Լուսանկարը՝ ՆԳՆ-ի

Ինչո՞ւ է Ադրբեջանը վերջին շրջանում հաճախակի կրակում

Ընդորում ադրբեջանական զինուժը թիրախավորում է նաև Հայաստանի տարբերի բնակավայրեր, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, վնասվել է 6 առանձնատուն, ավտոտնակ, ավտոմեքենան, գերեզմանաքարեր։ Ինչպես Քննչական կոմիտեն է նշում՝ մարդիկ չեն տուժել միայն պատահականությամբ։

Իշխանությունը պնդում է, թե այդ կրակոցներն անկանոն են, նպատակային չեն և այնքան էլ վտանգավոր չեն համարում։ Մինչդեռ ընդդիմության համոզմամբ, Ադրբեջանը կոնկրետ նպատակ է հետապնդում՝ փորձելով կրակոցներով վախեցնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին և այդ կերպ աջակցել Հայաստանի իշխանություններին՝ տարածքներ փոխանցելու հարցում։

«Այդ կրակոցները մշտական կրակոցների տրամաբանության մեջ են, որոնք ոչինչ չեն ասում։ Երեկ էլ ես ասացի, որ նախորդ օրվա կրակոցները կրակոցներ էին ոչինչ չասող։ Մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով։ Երեկ էլ Սև լճի հատվածում եղել են կրակոցներ։ Կրակոցը վատ բան է, բայց, եթե չենք պատասխանում, նշանակում է, որ էդքան մեծ վտանգ չենք տեսել դրա ուղղությամբ», - ասաց Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե բնակելի տներին են թիրախավորո՞ւմ ադրբեջանցիները, Քոչարյանը պատասխանեց․ - «Կրակում են, գնդակն աչքեր չունի, ինքը գնում է»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Ադրբեջանը սրանով որոշակի աջակցություն է հատկացնում Հայաստանի իշխանություններին»


«Որքան էլ դրանք ներկայացվում են որպես անկանոն կրակոցներ, պետք է արձանագրել, որ այնուամենայնիվ դրանք կարող էին նաև մահվան պատճառ լինել խաղաղ բնակչության շրջանում, և սա համարել անկանոն կրակ, կարծում եմ, որևէ ձևի տրամաբանական չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը վերջին շրջանում թիրախվորում է Տավուշի և Սյունքի մարզի այն բնակավայրերը, որոնց ուղղությամբ տևական ժամանակ ադրբեջանական զինուժը կրակոցներ չէր արձակել։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է. - «Ինչո՞ւ են ուզում ահաբեկել, որովհետև Ադրբեջանը ևս մոնիթորինգի է ենթարկում ընդհանուր տեղեկատվական քաղաքական դաշտը, նրա համար ևս ակնհայտ է, որ ոչ միայն սոցիոլոգիական հարցումներով, այլ նաև սահմանամերձ հատվածներում տեղի ունեցած քննարկումներից պարզ է դարձել, որ մարդիկ որևէ ձևով պատրաստ չեն իրենց հողերը, պատմական այն հատվածները, որտեղ իրենք դարերով ապրել են, հանձնելու թշնամուն, և, ըստ էության, Ադրբեջանը սրանով որոշակի աջակցություն է հատկացնում Հայաստանի իշխանություններին առ այն, որպեսզի այդ ահաբեկման մթնոլորտն ավելի շիկացվի, ինչի մասին նաև Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ «եթե հողերը չտանք, պատերազմ է սկսելու», այսինքն՝ այս սպառնալիքի իրավիճակը Ադրբեջանը փորձում է այս ձևով ավելի թեժացնել»։

Հնարավոր պատերազմի մասին զգուշացրել էր վարչապետ Փաշինյանը, երբ խոսել էր սահմանազատումը Տավուշի հատվածից սկսելու Հայաստանի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ դե յուրե տարածքում չգտնվող գյուղերը չփոխանցելու այլընտրանքը հենց պատերազմն է։