Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտնել է Ղրիմի մերձակայքում «Նեպտուն» տեսակի հրթիռ և Վորոնեժի և Բելգորոդի շրջաններում անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։
Ռուսական ռազմական գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական «Նեպտուն» հականավային հրթիռը խոցվել է Սև ծովի վրա՝ բռնակցված Ղրիմի ափերի մոտ։
Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել էր, որ Սևաստոպոլի մերձակայքում գտնվող ծովային տարածքի վրա ցածր թռչող օդային թիրախի ավտոմատ ոչնչացման համակարգ է գործարկվել։ Նրա խոսքով՝ քաղաքային ենթակառուցվածքները չեն վնասվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Վորոնեժի և Բելգորոդի շրջանների վրա ինքնաթիռի տիպի չորս անօդաչու թռչող սարքերի կործանման մասին։
Ըստ «Ազատության» Current Time-ի՝ Բելգորոդի իշխանությունները կեսգիշերին մոտ օդային տագնապ են հայտարարել և խնդրել բնակիչներին հեռանալ պատուհաններից կամ իջնել ապաստարաններ, տասը րոպե անց ազդանշանն անջատվել է։
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Ապրիլի 5-ին Մոսկվան կրկին հայտնել էր Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում ուկրաինական «Նեպտուն» խոցելու մասին։
Ուկրաինական կողմ իր հերթին հաղորդել է, որ ապրիլի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերը 20 «Շահեդ»-ներով հարվածել են Ուկրաինային։ Ըստ հաղորդման՝ բոլոր 20 ԱԹՍ-ները խոցվել են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԹՍ հարձակումներից Զապորոժիեի ատոմակայանի էներգաբլոկի պաշտպանից կառույցը վնասվել է․ ԱԷՄԳ