Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք, X-ի իր էջում նշել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:
«Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրիմացությունները և կեղծ ընկալումները», - գրել է Կլաարը:
Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, ադրբեջանական զինուժը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը կրակ է բացել Սոթքի, Վերին Շորժայի, Կութի, Արավուսի, Չինարիի, Մովսեսի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ-ի փոխանցմամբ էլ Ադրբեջանի զինուժի կրակի հետևանքով Տավուշի մարզում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավորապես Մովսես գյուղում՝ տներ և գերեզմանաքար և Ներքին Կարմիրաղբյուրում՝ քաղաքացիական մեքենա:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն էլ իր հերթին հաղորդել էր, թե ապրիլի 5-ին՝ ժամը 21:55-ից մինչև ժամը 23:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում