Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը։
«Ապացուցելու համար, որ Հայաստանը լուրջ է վերաբերվում խաղաղության գործընթացին, պետք է զերծ մնա հակասական հայտարարություններից և սադրիչ քայլերից, ինչպես նաև հարգի միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը», - հայտարարել է Հաջիզադեն՝ «անթույլատրելի» համարելով Երևանի մեղադրանքները, թե Բաքուն սրում է իրադրությունը։
Ադրբեջանցի պաշտոնյան կրկին հայաստանյան օրենքներն է հիշատակել, պնդելով, թե «Հայաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ պահանջները և ռևանշիզմի փորձերի առկայությունը վկայում են Հայաստանի կողմից մեր երկրի դեմ ուղղված սպառնալիքների մասշտաբները»։
Բաքուն հայտարարությունում համոզմունք է հայտնում, որ «երբ Հայաստանը զարգացնի ռազմական ներուժը» «կասկած չկա, որ Հայաստանի համար լրացուցիչ ռազմական հզորություն ձեռք բերելու ջանքերը պայմաններ կստեղծեն, որպեսզի նա դառնա լարվածության և սպառնալիքների նոր օջախ»։
«Այն, որ հայկական կողմը, որը չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այժմ թեթևամիտ գաղափարներ է հնչեցնում, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը և չհարձակման պայմանագիրը, քաղաքական շահարկում է», - նաև հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանին այսօր կոչ է արել դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները՝ ընդգծելով՝ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ: Պաշտոնական Երևանը նշել է՝ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն:
Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի զինուժը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Բաքվին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները