Հայաստանցիների մոտ 4 տոկոսը կարող է հեպատիտ C ունենալ. այն հնարավոր է ախտորոշել թեստավորմամբ

Հիվանդանոց Երևանում, արխիվ

Հայաստանում հեպատիտ C-ի տարածվածությունը մոտ 4 տոկոս է, այսինքն՝ շուրջ 118 հազար մարդ կարող է հեպատիտ C ունենալ: Անանուն մնալ ցանկացող «Ազատության» զրուցակիցն իր ախտորոշման մասին պատահական է իմացել: Բայց 3 ամսվա պատշաճ բուժումից հետո արդեն ամբողջովին առողջացել է:

«Ազատության» զրուցակցի ձայնը փոխված է նրա խնդրանքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հեպատիտ C-ն Հայաստանում հանրային առողջապահության խնդիր է համարում: ԱՀԿ-ն նաև նշում է՝ աշխարhում 71 միլիոն մարդ քրոնիկ հեպատիտ C ունի։ Ամեն տարի, մոտ 1.5 միլիոն նոր դեպք է հայտնաբերվում, միայն 2019-ին աշխարհում շուրջ 290 հազար մարդ է մահացել հեպատիտ C-ից, սա այն դեպքում, երբ այս վարակն 95 տոկոսով հնարավոր է բուժել, եթե վաղ փուլում է հայտնաբերվում։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանն ասում է՝ Հայաստանում հեպատիտ C-ի բուժումը մինչև 2020 թվականն էր վճարովի, անցած տարվանից հիվանդության ախտորոշումն էլ է դարձել անվճար: Բայց դեռ կան վճարովի ծառայություններ:

«Ամբուլատոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են պացիենտի վիճակը գնահատելու, հակացուցումները պարզելու, ընդհանուր լյարդի վիճակը պարզելու համար, դրանք մեզ մոտ անվճար չեն, բայց հազարավոր դոլարների մասին չի խոսքը», - ասաց Հովակիմյանը:

Ի տարբերություն նախորդ զրուցակցի, որին հաջողվել է ամբողջությամբ անվճար ապաքինվել, մեր հաջորդ անանուն զրուցակիցը պնդում է՝ շուրջ 2 տարի առաջ բավականին կլորիկ գումար է վճարել, որ բուժվի:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը հեպատիտ C-ի հայտնաբերման ու բուժման առումով թեթևացնում է կառավարության բեռը: Շուրջ մեկ տարի է, ինչ գործում է այս կազմակերպության ֆինանսավորվմամբ բացված անվճար ծրագիրը: Երևանի «Արշակունյաց առողջության կենտրոնում» մարդիկ կարող են, խուսափելով հերթերից, անցնել անվճար խորհրդակցություն, թեստավորվել, իսկ եթե վարակը հաստատվի՝ ամբողջական բուժում անցնել:

«Ցանկացած անձ, ով ունի հեպատիտ C, եթե գա մեր ծառայություններից օգտվելու, բնականաբար, մենք իրեն «ոչ» չենք ասի, բայց մենք ուզում ենք մեր ջանքերը, ուշադրությունը, էներգիան, ռեսուրսներն ավելի շատ ուղղորդել հենց այդ թիրախային խմբերում ծրագիրն իրականացնելու համար, քանի որ այնտեղ ավելի տարածված է», - ասաց ծրագրերի համակարգող Ինգա Սահակյանը:

2018 թվականից հետո աշխարհում լայնորեն կիրառվում է հեպատիտ C-ով հիվանդների բուժման նոր հակավիրուսային դեղամիջոց, որն ավելի արդյունավետ է համարվում ու ավելի քիչ կողմնակի ազդեցություն ունի։ Նոր հայտնաբերված այս դեղամիջոցն արդեն Հայաստանում էլ կա՝ այն անվճար տրամադրվում է միայն այստեղ ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։

Հեպատիտ C-ն փոխանցվում է արյան, սեռական անպաշտպան հարաբերությունների, համատեղ օգտագործվող ատամի խոզանակի, ածելիի, ներարկիչների և այն գործիքների միջոցով, որոնք հնարավոր է՝ շփվել են որևէ մեկի վարակված արյան հետ: Վիրուսը վարակված մորից էլ կփոխանցվի երեխային, եթե փոքրիկը կեսարյան հատմամբ չծնվի ու եթե մայրը կրծքով կերակրի:

Լյարդն ախտահարող այս վիրուսի ախտանշաններից են բարձր ջերմությունը, հոգնածությունը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, փսխումը, որովայնի ցավը, մուգ գույնի մեզը և մաշկի կամ աչքերի դեղնությունը: Հեպատիտ C-ի պատվաստանյութ գոյություն չունի, բայց հակավիրուսային դեղերով բուժումը հնարավոր է։