Իշխանությունն ու ընդդիմությունը Բրյուսելյան հանդիպմանը տրամագծորեն տարբեր գնահատականներ են տալիս

Բրյուսելյան հանդիպման մասին իշխանության և ընդդիմության գնահատականները տրամագծորեն տարբեր են:

Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման արդյունքներով հայտարարվեց, որ Երևանը Բրյուսելից առաջիկա 4 տարում կստանա 270 միլիոն եվրոյի, իսկ Վաշինգտոնից 65 միլիոն դոլարի աջակցություն:

Այդ գումարները հիմնականում ուղղվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին հայտարարած իշխանությունը արդյոք սա համարում է բավարար աջակցություն:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մինչ այս հարցին անդրադառնալը նախ հանդիպման փաստը կարևորում է քաղաքական տեսանկյունից։ Այն, ըստ Սարգիս Խանդանյանի, վկայում է միջազգային հարաբերություններում Հայաստանի կշռի մասին: Իսկ տրամադրվող աջակցությունն, պատգամավորի կարծիքով, տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ շոշափելի քայլ է:

«Ես նաև ուզում եմ կրկնել, որ սա գործընթացի սկիզբն է և պետք չէ մտածել ու սահմանափակվել տնտեսական աջակցության միայն այս գործիքով: Կարծում եմ, որ սա շոշափելի կլինի առաջիկայում մեր ստանդարտների բարելավման, մեր տնտեսության որոշակի ոլորտների համապատասխանեցման համար: Այնուամենայնիվ, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը թե՛ Եվրամիության, թե՛ Միացյալ նահանգների և թե՛ այլ գործընկերների հետո, որպեսզի հավելյալ աջակցություն տրամադրվի Հայաստանում, մասնավորապես տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ», - ասաց Խանդանյանը:

Մինչ իշխանությունը շոշափելի քայլ է որակում Եվրամիության ու Միացյալ նահանգների աջակցությունը Հայաստանին առևտուրը դիվերսիֆիկացնելու և տնտեսական դիմակայունությունը ամրապնդելու ուղղությամբ, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հակառակն է պնդում, որ տրամադրվող գումարը չի կարող տնտեսական կախվածությունը թոթափելու հարցում էական նշանակություն ունենալ:

«Էդ էն գումարը չի, որը քեզ հնարավորություն կտա ստրուկտուրալ փոփոխություն մտցնել, բայց ամենակարևորը, այնպես չի, որ դու ունես ապրանք, ԵԱՏՄ-ի փոխարեն կարող ես ԵՄ-ում վաճառես, ի՞նչ է արտահանում Հայաստանը: Արդյունաբերությունը տարեկան ընդամենը մի քանի տոկոսով է աճում և այդ աճն էլ աչքակապություն է, գյուղատնտեսությունը չի աճում, հանքարդյունաբերությունն է ու վերջ: Ի՞նչ ենք արտահանում, մշակվող արդյունաբերության մեջ մենք ունենք անկում: Այսինքն՝ որպեսզի դու կարողանաս փոխել քո տնտեսական գործընկերներին և հասնես դիվերսիֆիկացիայի, պետք է արտադրանք տաս, որը այլ շուկաներում մրցունակ կլինի», - նշեց Խաչատրյանը:

Իշխանական պատգամավորը բացի ֆինանսականից կարևորում է նաև տարբեր ծրագրերում Հայաստանին աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատրաստակամությունը:

«Մասնավորապես խոսվեց միջուկային անվտանգության մասին, խոսվեց պարենային անվտանգության մասին, խոսվեց ժողովրդավարական բարեփոխումների աջակցության մասին, էներգետիկ դվերսիֆիկացիայի ծրագրերի մասին, ինչը շատ կարևոր է ու հավանաբար դրանք ավելի դետալային քննարկվել են բանակցությունների ընթացքում», - ընդգծեց Սարգիս Խանդանյանը:

Հրապարակային հայտարարություններից դատելով կողմերը հիմնականում տնտեսական հարցեր են քննարկել, ընդդիմադիր պատգամավորը, մինչդեռ, կարծում է՝ դա երևացող կողմն է և տարեկան 80 միլիոն եվրոն այն գումարը չէ, որի համար մի տեղում կհավաքվեին ԱՄՆ-ն պետքարտուղարը, Եվամիության երկու բարձրաստիճան պաշտոնյաները ու Հայաստանի ղեկավարը: Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ քաղաքական հարցերը, կուլիսներում են շոշափվել, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի թեման:

«Չեմ բացառում, որ նաև Հայաստանին առաջարկված կլինի ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել, բայց դատելով տրամադրված գումարից, կարծում եմ, Հայաստանը նենց չի, որ կարող էր համաձայնված լինել, մանավանդ, ես մի քանի անգամ ասել եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում որևէ գործողություն կարող է պատասխան գործողության արժանանալ ԵԱՏՄ կազմում, իսկ դա կնշանակի մեր տնտեսությանը հասցված մեծ վնաս», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարևորում է նաև այն, որ Եվրամիությունն և Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի վերաբերյալ Բաքուն մինչ օրս դիրքորոշում չի հայտնել, փոխարենը շարունակել է պնդել ճանապարհների ապաշրջափակման իր պատկերացումը, որը ներառում է Հայաստանի կողմից մերժվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։