Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի զինուժը հրաձգային զենքից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այն որակելով «հերթական ապատեղեկատվություն»։
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, թե ժամը 15:10-ից 17:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել՝ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»։
«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում աշխատանքն անմիջապես դադարեցվել է», - նշված է հաղորդագրությունում։
Բաքվի այս պնդմանը Երևանը չի արձագանքել:
Ապրիլի 2-ին էլ հայկական կողմը հաղորդել էր, թե ադրբեջանական զինուժը Կութի և Տեղի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Բաքուն էլ պնդել էր, թե ապրիլի 1-ին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն են կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքել էր:
Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Երևանը հերքել էր։
Հայաստանում ԵՄ առաքելությունն էլ հայտնել էր, որ պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, և դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ՊՆ-ն պնդում է՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ