«Կհարմարվենք». Մասիսի հին հիվանդանոցի շենքում Արցախից տեղահանված մի քանի ընտանիք 0-ից տուն է սկսել կառուցել

Հարևաններով հիմա սուրճ են խմում, երեխաներն էլ դրսում ֆուտբոլ են խաղում, ինչպես Արցախում էր... բայց հիմա հասցեն է փոխվել՝ Մասիսի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը:

Մարզային իշխանության թույլտվությամբ լքված հին շենքում Արցախից տեղահանված մի քանի ընտանիք 0-ից տուն է սկսել կառուցել։

Բաբաջանյանները մի ամիս էլ չկա՝ ինչ տեղափոխվել են նոր տուն։ Չորս ամիս նորոգում էին հիվանդանոցի հին շենքը։ Հովանավորներ էին գտնվել, շինանյութով օգնել, մնացածն իրենք պետք է անեին. ընտանիքի հայրը՝ Արմենն ասում է՝ ինքը Մարտունիում էլեկտրիկ է եղել, պատ շարել էլ գիտեր, մնում էր հնարավորությունը ձեռքից բաց չթողնել։

Արցախի կորստից հետո Արմենի ընտանիքը հենց Մասիսում էր վարձով ապրում. կինը՝ Սիրունն ասում է՝ միայն այս շենքի չափ տուն ու հողամաս մնաց սահմանից արդեն այն կողմ։

Զինվորական Արև Մուրադյանը 8 հոգանոց ընտանիքով է տեղավորվել Բաբաջանյանների հարևանությամբ։ «Կհարմարվենք», - ասում է, հիմա ավելի կարևորը չկոտրվելն է, առաջ նայելը։

Հին հիվանդանոցի տարածքը բաժանված է 8 բնակելի հատվածների։ 5 ընտանիք արդեն մեկ ամիս է՝ փորձում է ջերմություն փոխանցել այս 4 պատերին, մնացած երեքում շինարարությունը դեռ դանդաղ է ընթանում։

Ամենաերիտասարդ շինարարը՝ 17-ամյա Էրիկ Կարապետյանը, տեսախցիկի առջև խոսել չցանկացավ։

Ծնողները տարիքով մեծ են, փորձում է ինքն անի և՛ շինարարությունը, և՛ մարքությունը... դեռ միջոցներ էլ չունի տունը կահավորելու համար։ Ընտանիքը ստիպված է մի քիչ էլ դեռ ապրել բարեկամների տանը։ Բայց արցախցի տղան ամեն օր գալիս, ջանասիրաբար մի բան ավելացնում է... մթնոլորտը տրամադրում է չհուսահատվել՝ բակում ծիրանենին ծաղկել է, պատուհանից էլ Մասիսն է ողջունում...