«Մենք խորապես մտահոգված ենք, որ Վրաստանի խորհրդարանում շրջանառության մեջ դրված օրինագիծը շեղում է Վրաստանին եվրոպական ուղուց և վնաս հասցնում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ բարելավելու Վրաստանի քաղաքացիների կյանքը։ Մենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում առաջ տանել Եվրամիությանն անդամակցելու իրենց ձգտումները», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ Հայտարարության տեքստը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։
Վրաստանի իշխանությունների որոշումը քննադատել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Ես դեմ եմ Վրաստանի կառավարության ցանկացած փորձին՝ նորից կյանքի կոչելու օտարերկրյա գործակալի, կամ օտարերկրյա ազդեցության մասին օրինագիծը, քանի որ իրականում այդ գործողությունը դեմ է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը», - մամուլի ասուլիսում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն Վրաստանի իշխանություններին կոչ է արել հետ կանչել օրինագիծը։
Արևմտյան մի շարք երկրներ ևս քննադատել են այդ օրինագծին վերադառնալու Վրաստանի իշխանությունների քայլը։
Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվել օրինագծի դեմ։ Ցուցարարները և ընդդիմությունը պնդում են, որ այն ռուսական նմանատիպ օրենքի կրկնությունն է, և պահանջում են հրաժարվել օրինագծից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում կրկին փորձում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունելԱնցած տարի, երբ առաջին անգամ վիճահարույց օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել, Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել, և իշխանությունները ստիպված հետքայլ կատարեցին՝ շրջանառությունից հանելով օրինագիծը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետկանչը