Դատարանի վճռով Մայրապետյանից և ՍՊԸ տնօրենից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ

Գործարար Սամվել Մայրապետյան, արխիվ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանի այսօր կայացրած վճռի հիման վրա գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ, հաղորդում է Դատական դեպարտամենտը։

Գլխավոր դատախազությունը դեռ 2022 թվականին դատարան էր դիմել և խնդրել որպես պետությանը պատճառված վնասի հատուցում բռնագանձել ավելի քան 5 միլիարդ դրամ։ Ըստ Դատախազության՝ Մայրապետյանի կազմակերպմամբ Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել խոշոր չափերով գումար։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Սամվել Մայրապետյանի և Գագիկ Հակոբջանյանի ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում «Գլոբուս» ընկերության կողմից օտարված Տերյան 66 հասցեի 141 անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրերում որպես գործարքի արժեք նշվել է գործարքի իրական արժեքից անհամեմատ ցածր գին՝ փաստացի իրական եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում չներառելու, այդ կերպ պետության հանդեպ իրական հարկային պարտավորությունը կատարելուց խուսափելու նպատակով: Արդյունքում, պետական բյուջե ԱԱՀ–ի մասով 2006 թվականին պակաս է վճարվել 2 մլրդ 843 մլն 955 հազար 430 դրամ, իսկ շահութահարկի մասով՝ 2 մլրդ 834 մլն 808 հազար 830 դրամ:

Սամվել Մայրապետյանն այսօր իր փաստաբանական թիմի միջոցով հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. - «Այս ոչ իրավաչափ վճռով ոչ մի գումար էլ չի կարող փոխհատուցվել պետական բյուջե, քանի որ իրավաբանության հետ կապ չունեցող այս գործընթացը սկզբից մինչև վերջ, հակաիրավական է, հետևաբար այն անպայմանորեն բողոքարկվելու է բոլոր հնարավոր՝ թե՛ ներպետական և թե՛ միջազգային ատյաններում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը դատարանից պահանջել է Մայրապետյանից և Հակոբջանյանից բռնագանձել 5,6 մլրդ դրամ