Բրյուսելում այսօր սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման օրակարգում հիմնականում տնտեսական հարցեր են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանի հետ Բրյուսել մեկնելուց առաջ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ այն Գրանադայի հանդիպման շարունակությունն է, այնտեղ հայտարարվել էր, որ Ֆոն դեր Լեյենը կաշխատի ԱՄՆ-ի հետ, որպեսզի իրենց ջանքերը համատեղեն Հայաստանին օգնելու համար։
«Սա և՛ իրադարձություն է, և՛ գործընթացի մի մաս, այսինքն՝ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բազմաթիվ փոփոխություններ են կրել և դրա կոնտեքստում մի իրադարձություն է տեղի ունենում, որով քննարկված բոլոր հարցերը տնտեսության մասով ավելի արագացնեն և մղեն առաջ, օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են», - ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ հավելելով, որ Հայաստանը ցանկանում է հասանելիություն ստանալ և՛ ԱՄՆ, և՛ եվրոպական շուկաներում։ «Մեր նպատակն է այս իրադարձության շրջանում այդ օրակարգն առաջ մղել», - նշեց Գրիգորյանը։
Անդրադառնալով Ռուսաստանից ու Ադրբեջանից հանդիպման շուրջ հնչած քննադատություններին, պաշտոնյան նշեց՝ նրանց վերաբերող որևէ հարց չկա օրակարգում։
«Ւրականում աղմուկ ստեղծելու որևէ հիմք չկա», - հավելել Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով, որ անվտանգային հարցեր օրակարգում չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Բրյուսելում հանդիպում են ՀՀ վարչապետը, ԱՄՆ պետքարտուղարը և ԵՀ նախագահը