Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստին

ԱՊՀ երկրների դրոշները, արխիվ

ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ների դեմ պայքարի և ՀՕՊ-ի կատարելագործման մոտեցումները, այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։

Վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ աղբյուրը հայտնում է, որ նիստին մասնավորապես «քննարկել են անօդաչու սարքերին հակազդելու ժամանակակից մոտեցումները և հատուկ ռազմական գործողության ընթացքում ականազերծման փորձը, հատուկ ուշադրություն է դարձվել նաև ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման հեռանկարներին»։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նիստին, որը գլխավորել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Հայաստանից մասնակցել է Արտակ Տոնոյանը, ով զբաղեցնում է ՀՀ ՊՆ -ի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը։ Ադրբեջանից նիստին ներկա էր այդ երկրի բանակի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նիստի վերաբերյալ հաղորդագրություն առայժմ չի տարածել։