Եթե անցյալ տարվա վերջին ամիսներին 1 դոլարի փոխարժեքը 402 դրամ էր, ապա այժմ, ըստ Կենտրոնական բանկի, 390 դրամ է։ Դրամի նկատմամբ դոլարը մոտ 11 դրամով անկում է ապրել։ Անմասն չէ նաև եվրոն, որը տարվա սկզբից մինչ օրս մոտ 25 դրամով է անկում ապրել դրամի նկատմամբ։
Այս տատանումներն ու հատկապես դոլարի անկումը միանգամից իրենց գրպանի վրա զգում են տնտեսության բազմաթիվ ճյուղերում։
Հարություն Մնացականյանը հացահատիկ է արտադրում ու վաճառում, միայն թե հիմա արտահանման մասին խոսում է անցյալ ժամանակով, առայժմ ծրագրեր չունի արտահանելու դոլարի ու եվրոյի փոխարժեքի պատճառով։
«Այս տարի Հայաստանում կուտակված ահագին մեծ հաճարի բերք կա, և Իտալիայից գնի առաջարկ են ուզել, բայց այս գնի պայմաններում՝ եվրոյի կուրսի պայմաններում, դոլարի կուրսի պայմաններում գրեթե անհնար է դառնում, որովհետև դրամական տեսքով բավականին ցածր է կազմում», - «Ազատության»-ն ասաց նա։
Գյուղմթերքի ու հատկապես հացահատիկի արտահանումը, գործարարի խոսքով եկամտաբեր չէ նաև դեպի Ռուսաստան, քանի որ ռուբլին ևս և՛ դրամի, և՛ դոլարի նկատմամբ մեծ անկում է ապրել վերջին տարիներին։
«Պլյուս տրանսպորտային ծախսն է բավականին թանկացել, վերջին 2-3 տարիների ընթացքում տրանսպորտային ծախսը բավականին բարձրացել է, ինչը դարձնում է ոչ ձեռնտու արտահանման համար», - հավելեց Հարություն Մնացականյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան մեկ շաբաթ շարունակված արժեզրկումից հետո դրամն այսօր սկսեց մի փոքր կայունանալ
Դրամի նկատմամբ դոլարի անկումը ազդում է ոչ միայն մթերք կամ ապրանք, այլ նաև ծառայություններ արտահանող ոլորտների վրա, ինչպես օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ հաճախ եկամուտը դոլարային է, իսկ աշխատավարձերը, հարկերն ու մյուս ծախսերը՝ դրամով։
«Մենք աշխատում ենք ամերիկյան շուկայի վրա հիմնականում, և փաստացի ծախսերը բոլորը դրամով են՝ 90 տոկոսը։ Նշանակում է՝ եկամուտն ընկնում է, ծախսը մնում է նույնը, և եկամտաբերությունը բիզնեսի ուղիղ ազդեցություն է ունենում», - հավելեց «Գրոկսմիթ» ընկերության համահիմնադիր Հովհաննես Կուլողլյանը։
Դոլարը վերջին տասը օրերի անկումից բացի, գահավիժել է նաև վեջին տարիներին, օրինակ՝ 2021-ին դոլարի արժեքը Հայաստանում միջինը 545 դրամ էր, 2022-ից սկսած դոլարի փոխարժեքը սկսեց անկում ապրել, իսկ անցյալ տարվա որոշ օրերի 1 դոլարը վերջին տարիների համար ռեկորդային ցածր՝ 385 դրամ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի կողմից՝ շինարարության, հանրային սննդի, ՏՏ երկնիշ աճ, մյուսից՝ գյուղատնտեսության, սննդամթերքի անկում
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՏՏ ոլորտին արտոնություններ տվող նախագիծն, ըստ պատգամավորների, թերի է և կարող է այլ աշխատողների մոտ հարցեր առաջացնել
Ստացվում է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները իրենց եկամուտի մոտ 25 տոկոսը վերջին 2 տարվա ընթացքում կորցնում են։
«Մեր նման IT ծառայություններ մատուցող բիզնեսների համար հա կա այսպես ստանդարտ համաշխարհային, երբ 40 տոկոսի կողմերը պետք է լինի շահութաբերությունը։ Իհարկե, բոլորի մոտ չի տենց ստացվում, շատերի մոտ 20 տոկոս է եղել, 25 տոկոս է եղել, և դրա համար շատ ընկերություններ նաև փակվել են դոլարի տատանումներից։ Ու հիմա ստացվում է այնպես, որ ուժեղագույններն են միայն կարողանում չգնաճամը հաղթահարել», - նշեց Հովհաննես Կուլողլյանը։
«ՌԴ-ից նոր ներհոսքեր կան». տնտեսագետ
Դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի անկումը Հայաստանում սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ դեպի հայկական բանկեր մեծ գումարներ հոսեցին Ռուսաստանից, հիշեցնում է տնտեսագետը։
Ինչո՞ւ է հիմա դոլարը կրկին սկսել անկում ապրել, երբ անցյալ տարվա հոկտեմբերից այն կայուն էր՝ մոտ 400 դրամի սահմաններում։
«ՌԴ-ից նոր ներհոսքեր կան, հիմա թե այդ ներհոսքերը ինչի հետ են պայմանավորված, դրանք կարող են լինել մարդկանց նոր ներհոսքի, կազմակերպությունների ներհոսքի տեսքով, կարող է խնայողությունների տեղափոխություն լինել, կամ այլ վերարտահանման հետ կապված ինչ-որ հոսքեր լինեն։ Դրա հստակ բացատրությունն այս պահին հնարավոր չէ տալ, որովհետև տնտեսական ամփոփում չկա», - ասաց տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
Այնուամենայնիվ, տնտեսագետի խոսքով՝ պատճառն ամենայն հավանականությամբ ռուբլու հոսքի մեծացումն է դեպի Հայաստան։ Թե որն է արդեն դրա պատճառը, այս պահին կարելի է միայն ենթադրել. - «Խոսակցություն կար, և կարծում եմ՝ նաև կա, որ ընտրություններից հետո նոր զորահավաքի պրոցես կարող է լինել Ռուսաստանում, և հնարավոր է՝ դա փոխած լինի այնտեղ մարդկանց սպասումները, ու դա լրացուցիչ նոր արտահոսք առաջացրած լինի, որի մի մասն էլ Հայաստան է եկել և բնականաբար, Հայաստանի արժութային շուկայում ռուբլու նոր ներհոսքեր է ավելացրել, որն էլ ճնշում է գործադրել դրամի փոխարժեքի վրա»։
Փորձագետների շրջանում կա նաև տեսակետ, թե հնարավոր է Հայաստանում դոլարի փոխարժեքի վրա ազդեցություն է ունեցել ոսկու արտահանման ծավալների շեշտակի մեծացումը։ Նարեկ Կարապետյանի կարծիքով, սակայն, դա քիչ է հավանական, քանի որ ոսկու արտահանումը ռեկորդային ծավալների է հասել անցյալ տարվա նոյեմբերին, իսկ դոլարի նոր անկումը սկսվել է մոտ 10 օր առաջ։