ՀՀ ՊՆ-ն պնդում է՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կութի և Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ

Հայաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է՝ ադրբեջանական զինուժը ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ հերքում է Բաքվի պնդումը, թե ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ից մինչև 22:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ՝ Նախիջևանի հատվածում:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատում»։ Երևանը հերքել էր։

Հայաստան - Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել էին ռազմական գերատեսչությունից։

Հայաստանում ԵՄ առաքելությունն էլ երեկ հայտնեց, որ պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, և դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է. ՊՆ-ն արձագանքում է Բաքվին