Տարին ազնավուրյան է, հայազգի շանսոնյեի 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ են նախատեսված նաև Հայաստանում։ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում այսօր Գյումրիում բացվեց ֆրանսիահայ ծաղրանկարիչ Ռընե Հովիվի ծաղրանկարների ցուցադրությունը։ Իսկ նկարների գլխավոր հերոսը հենց Շառլ Ազնավուրն էր։
Ֆրանսիա գաղթած երկու հայ բախտակիցներ իրար հետ մտերիմ են եղել և հենց Ազնավուրն է Ռընե Հովիվին խնդրել, որ իր համերգների ցուցապաստառները ձևավորի ու արդյունքում էսքիզները հիմա դարձել են ցուցադրության նմուշներ: Ռընե Հովիվի ընտանիքի անդամներն են պատմել այդ մասին, ասում է Ասլամազյան քույրերի թանգարանի տնօրեն Կարեն Բարսեղյանը։
Թանգարանը սեփական նախաձեռնությամբ նաև Ռընե Հովիվի գծանկարները համադրել ու անիմացիա էր ստացել։
Սրանք ոչ թե ծաղրանկարներ են, այլ՝ ժպտանկար, նկատում է արվեստի քննադատ, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը։ Կարծում է, որ ժպտանկարները ստացվել են. Ռընե Հովիվը կարողացել է բեմի վրա երգող Ազնավուրի շարժումները, նույնիսկ դեմքի միմիկաները ճիշտ որսալ ու պատկերել։
Շառլ Ազնավուրի 100-ամյակի հիմնական միջոցառումները մայիսին են նախատեսված։ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ասում է՝ այսօրվա ցուցահանդեսի բացմամբ տրվեց մեկնարկը։
Ցուցահանդեսը շրջիկ է և առաջիկա օրերին այն նաև Հայաստանի, այլ քաղաքներ կմեկնի: