Թեհրանը նախազգուշացրել է Մոսկվային Ռուսաստանի տարածքում լայնածավալ «ահաբեկչական գործողության» հնարավորության մասին:
Ընդ որում, նախազգուշացումը ռուսներին փոխանցվել է մինչև մարտի 22-ին Մոսկվայի մերձակայքում՝ Կրասնոգորսկի գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա տեղի ունեցած հարձակումը, որը դարձել է Ռուսաստանի նորագույն պատմության ամենախոշոր ահաբեկչություններից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ երեք աղբյուրների վրա հղումով։
«Հարձակումից մի քանի օր առաջ Թեհրանը տեղեկություն է փոխանցել Մոսկվային Ռուսաստանում հնարավոր խոշոր ահաբեկչության մասին։ Տեղեկությունը ստացվել է Իրանում պայթյուններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածների հարցաքննությունների ընթացքում», - ասել է Reuters-ի անանուն զրուցակիցներից մեկը։
ՌԴ իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանում ահաբեկչությանը «Իսլամական պետության» մասնակցության վարկածը և պնդում են, թե դրանում Ուկրաինան մասնակցություն ունի, ինչը Կիևը կտրականապես հերքում է։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ Իրանի կողմից հնարավոր նախազգուշացումների մասին։
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նույնպես նախազգուշացրել են Ռուսաստանի խոշոր քաղաքներում հնարավոր ահաբեկչությունների մասին, այդ թվում՝ համերգների օրերին։
ԱՄՆ-ը թշնամական հարաբերությունների մեջ է Իրանի հետ։ Ռուսական ԱԴԾ-ն խոստովանել է, որ ԱՄՆ-ը տեղեկություն է փոխանցել հարձակման նախապատրաստման մասին, սակայն այն անվանել է «ընդհանուր բնույթի և ոչ մանրամասն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկովյան ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-իԱհաբեկչության սպառնալիքի մասին ռուսներին ԱՄՆ-ի տված տեղեկատվությունը կոնկրետ էր և արժանահավատ. ԹրեյսիԱՄՆ-ն «անհեթեթություն» է որակել ահաբեկչությանը Ուկրաինայի մասնակցության մասին ռուսական պնդումը