Հայաստանի սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է. ՊՆ-ն արձագանքում է Բաքվին

Հայաստանի սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ արձագանքելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը:

Ադրբեջանական ՊՆ-ն տեսանյութ է տարածել՝ պնդելով, թե հայկական կողմը սահմանի երկայնքով զորքեր է կենտրոնացնում ու հարձակողական հենակետեր ստեղծում:

ՀՀ ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ ադրբեջանական կողմը հրապարակել է Հայաստանի զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում», - նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից քիչ անց ԵՄ առաքելությունը X-ում հայտնեց, որ այսօր կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, և դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը տարածել է՝ նշելով՝ «ԵՄ դիտորդները նպաստում են կայունությանը և միջազգային հանրությանը անաչառ տեղեկատվություն տրամադրելուն»։