Հայաստանը պետք է դիվերսիֆիկացիայի ռազմավարությամբ ամրացնի իր անվտանգության կարողությունները, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը վերլուծելով RAND կորպորացիայի վերջերս հրապարակված հետազոտությունը՝ ասում է ԱՄՆ Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն» - Վերջերս RAND կորպորացիան հրապարակեց մի վերլուծություն։ Այդ վերլուծության ամբողջ նյութը նվիրված էր Հայաստանին, խոսվում է անվտանգային հրավերների, արտաքին քաղաքականության փոփոխությունների, դեպի Արևմուտք վերակողմնորոշման մասին։ Հոդվածի հեղինակները նաև վկայակոչել են Ձեր մեկնաբանությունները։ Կուզենայի, որ վերլուծեիք ամփոփումը, որտեղ հետազոտողները պնդում են, որ Հայաստանը պետք է հավասարակշռի իր հարաբերությունները՝ սերտ համագործակցություն հաստատելով Արևմուտքի հետ, միաժամանակ անհարկի չօտարի Մոսկվային։
Ներսես Կոպալյան - Այո, հոդվածը հստակ շեշտում է, որ Հայաստանը ճիշտ քայլի է դիմել, երբ ձեռք է բերել այն ռազմավարությունը, որը թույլ է տալիս շրջադարձ անի դեպի Արևմուտք, և այդ շրջադարձի նպատակը, որ կարողանա տնտեսական ոլորտից միայն դիվերսիֆիկացիայի քայլերի դիմի անվտանգության և մանավանդ արտաքին քաղաքականության։
Ինչո՞ւ շեշտեցի տնտեսության պահը սկզբից, որովհետև ահագին դիսկուսիա է գնում, որ փորձում են հասկանալ՝ պետք է ամբողջովին խզի իր կապերը Ռուսաստանի հետ, թե ունենա ավելի հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Այս հոդվածը չի ասում, որ Հայաստանը դիմել է այն քայլերին, որ խզելու է իր կապը Ռուսաստանի հետ ամբողջովին։ Այսինքն՝ հասկացողությունը հետևյալն է՝ Հայաստանը, այլընտրանք չունենալով և հասկանալով, որ այս կախվածության համակարգը, որ նա ունեցել է Ռուսաստանի հետ, ձեռք բերեց շատ բացասական հետևանք, այդ պատճառով նա պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը և իր անվտանգության ռազմավարությունը, բայց միևնույն ժամանակ ունի շատ լայն և բազմաշերտ տնտեսական հարաբերություն Ռուսաստանի հետ, որը նա չի կարող խզել։
Այսինքն՝ դիվերսիֆիկացիան և հարաբերությունները ամբողջովին խզելը երկու տարբեր մոտեցումներ են։ Այս հոդվածը փորձում էր շեշտել, որ եթե ունենում ես տնտեսական խնդիրներ կամ ունենում ես տնտեսական ամուր հարաբերություններ մի երկրի հետ, բայց նույն ժամանակ այդ նույն երկրի հետ ունենում ես արտաքին քաղաքական և անվտանգության խնդիրներ, դա չի նշանակում, որ եթե փոխում ես վեկտորը արտաքին քաղաքականության և անվտանգության, նույն ժամանակ պետք է ամբողջովին խզես կամ փոխես տնտեսությանը։ Այսինքն, երբ որ խոսում էինք հավասարակշռված մոտեցման մասին, սա նկատի ունենք, բայց ինչ վերաբերում է անվտանգությանը, սա բոլորին ակնհայտ է, որ Ռուսաստանի ներկայացրած անվտանգության ճարտարապետությունն ամբողջովին փլուզվել է, բայց շատ կարևոր է հասկանալ, որ շրջադարձ անելը և ամբողջովին հարաբերությունները կոտրելը կամ անջատելը Ռուսաստանից նույնը չէ։
Հոդվածը փորձում է բացատրել, որ Հայաստանը տարածաշրջանում չի կարող միայն հարաբերություն ունենալ Պարսկաստանի հետ կամ միայն Վրաստանի հետ։ Նա չի կարող ամբողջովին մեկուսանալ տարածաշրջանից, նամանավանդ, երբ Ռուսաստանը տարածաշրջանի հեգեմոնն է։ Այո, նա դարձել է թույլ հեգեմոն, և որպես դերակատար՝ նա իր կարողությունը և ազդեցությունը կորցրել է, բայց նույն ժամանակ Ռուսաստանը ոչ մի տեղ չի դնում, այսինքն՝ Հայաստանի մոտեցումը հիմնված հոդվածի տրամաբանությանը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացիայի ռազմավարությամբ ամրացնի իր անվտանգության կարողությունները, այսինքն՝ ձեռք բերի այն կարողությունները, որ Ռուսաստանը, պարզվում է, որ չի կարող իրենց օգնել, բայց նույն ժամանակ հասկանալով, որ պետք է իրենք շարունակ լինեն հարևան երկրներ, պետք է ձև գտնի, որ այս հզոր հարևան երկրի հետ համագործակցի։
«Ազատություն» - RAND-ն անդրադառնում է նաև ՀԱՊԿ-ի անդամությունը սառեցնելու Հայաստանի որոշմանը և ասում է, որ ճիշտ է համարում։ Ռուսաստանին այդ քայլն, անուշտ, դուր չի գալիս, բայց Մոսկվայի քայլն ավելի զուսպ կլիներ, եթե Հայաստանը կտրուկ դուրս գա ՀԱՊԿ-ից, ասվում է վերլուծության մեջ, միաժամանակ զգուշացնում, որ Ռուսաստանը զգալի ռազմական ներկայություն է պահպանում երկրի ներսում՝ 2 կայազորներով և ավիաբազայով։ Կարծո՞ւմ եք, որ Մոսկվան կարող է ռազմական և տնտեսական հարվածներ հասցնել Հայաստանին, եթե Հայաստանը խզի կապերը և թեքվի ամբողջությամբ դեպի Արևմուտք։
Ներսես Կոպալյան - Այո, Ռուսաստանը ահագին լծակներ ունի ազդեցության, որ կարող է նա կիրառի և Հայաստանի համար բարդ խնդիրներ ստեղծի։ Այդ առումով ռիսկի դինամիկան ռիսկի դրույթի մեջ կորուստի հավանականությունը բարձր է, բայց նույն ժամանակ ի՞նչ է լինում, դիվերսիֆիկացման թույլ է տալիս, որ այդ ռիսկի հավանականությունը նվազի։
Ինչ վերաբերում է կտրուկ կապերը խզելուն, մենք պետք է հասկանանք, որ դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը մոտավորապես 2 տարի է, որ Հայաստանի Հանրապետությունը կիրառում է, այսինքն, ոչ մի բան կտրուկ չենք արել։ 20 թվից Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, ամեն ձևի փորձել է Ռուսաստանին կոչ անի, որ Ռուսաստանը իրականացնի իր պարտականությունը հանուն 97 թվի անվտանգության պայմանագրի, այսինքն՝ Հայաստանը ամեն ձևերի, ամեն քայլի դիմել է, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունը։ Հայաստանը ոչ մի բան կտրուկ չի արել։ Մինչև այսօր Հայաստանը չի դուրս եկել ՀԱՊԿ-ից, բայց սառեցրել է իր անդամ լինելը։
Այս հոդվածը փորձում է բացատրել, որ այո, Հայաստանը ճիշտ է, որ իր անդամությունը ՀԱՊԿ-ին սառեցրել է, և իր շրջադարձը դեպի Արևմուտք հետևում է շատ ճիշտ տրամաբանությանը և թույլ է տալիս, որ Հայաստանը այդ քայլով ձեռք բերի այն կարողությունները, նամանավանդ զսպողության կարողությունները, որ թույլ է տալիս նրան լինել ինքնուրույն անվտանգության առումով, բայց նույն ժամանակ գիտակցելով, որ Ռուսաստանը շատ կարևոր դեր է տանում տնտեսության ոլորտով էներգետիկայի ոլորտով, բնականաբար, այս բոլոր կապերն անկարելի է խզել։