Եվրամիության (ԵՄ) դիտորդական առաքելությունն այսօր ողջ օրը հսկողություն է իրականացրել հայ–ադրբեջանական սահմանին և արձանագրել, որ ամեն ինչ հանգիստ է։
«Ոչ մի արտառոց շարժում չի նկատվել», - ասված է առաքելության X-ի գրառման մեջ։
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մեկնաբանելով այս գրառումը, իր հերթին գրել է, որ լավ է ունենալ հաստատում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից, որ ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։
«Հենց դա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ստեղծել։ Մենք բաց ենք մնում Ադրբեջանի իշխանությունների հետ ավելի ակտիվ փոխգործակցության համար», - նշել է նա:
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը պնդել էր, թե սահմանի տարբեր հատվածներում «հայկական զինված ուժերի ակտիվ տեղաշարժ է նկատում», ապա սպառնացել։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այս հաղորդագրությունը։
Իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ այս օրերին չէին բացառել Բաքվի տարբեր հայտարարությունների ետևում ագրեսիա սկսելու պատրվակներ փնտրելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ