«Չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի». Գարեգին Երկրորդ

Ադրբեջանի ծավալապաշտական ու սադրիչ գործողությունները նորանոր պահանջներով չեն դադարում, դրանք անմիջական սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի անվտանգությանը, այսօր Սուրբ Հարության տոնի առթիվ պատգամում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

«Հանցագործ դրսևորումներով շարունակվում են Արցախի պատանդառված քաղաքական ղեկավարության և անօրինաբար գերության մեջ պահվող մեր զավակների նվաստացումները, ինչպես և արցախահայության իրավունքների անտեսման, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության յուրացման ու ոչնչացման անթաքույց քաղաքականությունը», - ասել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

Ամենայն Հայոց կաթողիկոսը խոսել է ներազգային տարաձայնություններն ու անմիաբանությունը հաղթահարելու ժողովրդի պարտքի մասին։

«Չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի՝ վտանգելով մեր հայրենիքի ապագան և անկախ պետականությունը։ Մեր ընթացքը չի վերջանում մեր մարտիրոսների ու քաջորդիների նահատակության վայրերում և ոչ էլ Արցախում թողնված շիրիմների մոտ», - հայտարարել է Գարեգին Բ-ն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը