Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոբիլիզացվածների ռազմական ուսումնական կենտրոն կատարած այցի ժամանակ, 2022 թ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսաստանցիներին զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին։ Զորակոչը կտևի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը։ Նախատեսվում է հավաքագրել 150 հազար մարդ։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Հունվարի 1-ից Ռուսաստանում նոր կանոններով զորակոչի են ենթակա 18-ից 30 տարեկան անձինք։ Նախկինում զորակոչի տարիքի վերին շեմը սահմանափակվում էր 27 տարեկանով։ Մինչ անցյալ տարվա դեկտեմբերի վերջը 27 տարին լրացած ռուսները չեն զորակոչվի։ Ծառայության տևողությունը մեկ տարի է։

Ռուսաստանի գլխավոր շտաբը ավելի վաղ հայտարարել էր, որ ժամկետային զինծառայողները չեն զորակոչվի Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մարտական գոտի։

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ աշնանային զորակոչի ընթացքում զինծառայության է ուղարկվել 130 հազար նորակոչիկ։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Ռուսաստանի կառավարությունը մի շարք փոփոխություններ կատարես օրենսդրության մեջ՝ կապված զինվորական ծառայության հետ: Զորակոչիկներին թույլատրվում է պայմանագրային ծառայության անցնել առաջին իսկ օրվանից, այլ ոչ թե վերապատրաստումն ավարտելուց հետո։ Զինվորական հաշվառման և զինկոմիսարիատում կանչով չներկայանալու համար տուգանքները ավելացվել են 10 անգամ՝ երեքից մինչև 30 հազար ռուբլի։ Բանտերում և գաղութներում պատիժ կրող բանտարկյալների համար սահմանվել է զինվորական հաշվառման հատուկ ռեժիմ՝ նախկինում նրանք իրավունք չունեին ծառայելու բանակում։

BBC-ի լրագրողների, Mediazona-ի և կամավորների թիմի վերջին գնահատականներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 49 հազար ռուս զինվորական, նրանցից գրեթե 13 հազարը՝ 18-ից 29 տարեկան։