Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի պնդումը սահմանին հայկական ԶՈւ-ի ինտենսիվ տեղաշարժի մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը», - ասված է հայկական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը Պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, թե «ռազմական սադրանքի ցանկացած փորձ կճնշվի իր բանակի կողմից»։
Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ տարածաշրջանում նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար, երեկ, իր հերթին, ասել էր Հայաստանի վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է, թե սահմանին հայկական զինված ուժերի «ինտենսիվ տեղաշարժ է նկատում» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը փորձում է գտնել պատրվակներ՝ նոր, լայնամասշտաբ պատերազմ մեկնարկելու համար. վարչապետ