Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով, 24News-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա նշել է, որ դրանք տեղադրվել են Ռուսաստանի հաշվին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020 թվականին։
Կոպիրկինը նաև ընդգծել է, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։
Դեռ 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել և հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։
Հայաստանի արևելյան սահմանագոտում 2021-ի նոյեմբերին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
Չնայած դժգոհություններին՝ Հայաստանը դեռ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Այս պահին միակ գործնական քայլն այն է, որ Երևանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից:
Մոսկվայից արձագանքել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի թիմի օրոք ռուսները ծառայության անցան նաև հայ-ադրբեջանական սահմաններին, իր կասկածներն էր հայտնել:
«Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են: Ես շատ խիստ կասկածում եմ», - ընդգծել է Սիմոնյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ռուսական հարաբերությունների փչացման մեղավորները ՌԴ-ում են. ՔՊ-ից հակադարձում են Լավրովին