Ուկրաինայի վրա հրթիռային հարձակման պատճառով Լեհաստանը օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռները 

Խարկով, Ուկրաինա

Անցած գիշեր և այսօր առավոտյան ռուսական ուժերը նոր հարձակում են իրականացրել ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու սարքեր։ Ուկրաինայի արևմտյան հատվածների ռուսական հրթիռակոծման պատճառով հարևան Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել:

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ արձակվել է տարբեր տեսակի 99 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ուկրաինական ՀՕՊ-ին հաջողվել է խոցել։

Ուկրաինական կողմի համաձայն՝ օդային հարձակումների հետևանքով վնասվել են Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Կիրովոգրադի և Իվանո-Ֆրանկիվսկի շրջանների էներգետիկ օբյեկտները։ Կրիվոյ Ռոգի և Կամենսկի շրջաններում էներգետիկ օբյեկտների վնասներից բացի, վիրավորվել է մեկ մարդ, ևս հինգ հոգի, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա, վիրավորվել է Կամենսկոյե քաղաքում, հաղորդվում է նաև ավերածությունների մասին։

Ուրբաթ օրը Ռուսաստանը կրկին հարվածներ է հասցրել Լվովի մարզի Ստրյի քաղաքի տարածքին, որտեղ գտնվում է գազի խոշոր պահեստարան։ Հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան, սակայն շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտարարել է, որ «բեկորները վնասել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտը»։

Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման պատճառով Լեհաստանը գիշերը օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռները, թռիչքներին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի այլ երկրների ինքնաթիռներ:

«Այս գիշեր ակտիվություն է նկատվում ռուսական հեռահար ավիացիայի կողմից, որը կապված է Ուկրաինայի տարածքում տեղակայված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ»,- ասվում է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 1945-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում պատերազմը կրկին «իրական» է դառնում․ Տուսկ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարշավան Մոսկվայից բացատրություն կպահանջի