Վտանգավոր դեմագոգիա. Մոսկվան՝ Հայաստանից ռուս զինվորականներին դուրս բերելու խոսակցությունների մասին

Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի ներկայությունը հանրապետության ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է, այս մասին ռուսաստանյան պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն :

«102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն, որ դրանց դուրս բերումը ինչ-որ կերպ կամրապնդի ռազմական ուժը՝ վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ արդեն այսօր Արևմուտքը փոխարենը կոնկրետ ոչինչ չի առաջարկում», - գերատեսչության մեկնաբանությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է նաև ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության հեռանկարներին ու հայտարարել է՝ ԵՄ-ի խոստումներին հավատալով Երևանը կարող է կոտրած տաշտակի առաջ կանգնել:

«Հայաստանը կարող է կոտրած տաշտակի առաջ կանգնել, եթե հավատա ԵՄ-ի ընդհանուր շուկայի հասանելիության մասին դատարկ խոստումներին և որոշի հանուն դրա դուրս գալ ԵԱՏՄ-ից»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը օրերս հայտարարելով, թե «Զվարթնոց»-ից ռուսաստանցի սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, միաժամանակ նշեց՝ չի քննարկվում այլ, օրինակ՝ նաև հայ-թուրքական սահմանից ռուսաստանցի սահմանապահների հեռացումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր մարտի 12-ի ասուլիսին հայտարարել, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասել է վարչապետը։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։ Մոսկվան արձագանքել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զվարթնոց»-ից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է. ԱԺ նախագահ