Երևանի ամենակենտրոնում՝ Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության եռահարկ շենքը և Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքը պետությունը որոշել է իրենով անել։
Գլխավոր դատախազությունը դատարան է դիմել այդ շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ միությունների շենքերը 90-ականներին ապօրինի են մասնավորեցվել՝ առանց պետության որոշման։
«Գույքը համարվում էր պետության սեփականությունը, որպեսզի այլ իրավաբանական անձ, ֆիզիկական անձ դառնար այս կամ այն գույքի սեփականատերը, պետք է պետությունը որևէ ձևով փոխանցեր՝ կամ սեփականաշնորհման մասին օրենքի շրջանակներում մասնավորեցման, կամ նվիրատվության, կամ մեկ այլ տարբերակով։ Կոնկրետ խոսքը գնում է նրա մասին, որ որևէ ձևով պետությունը պետք է հասարակական կազմակերպությանը կամ մեկ այլ մարմնի, կամ ֆիզիկական անձի գույք փոխանցի, այն գույքը, որը իրեն է պատկանում, որը տվյալ դեպքում տեղի չի ունեցել», - ասաց ԳԴ պետշահերի վարչության ավագ դատախազ Մանյա Գալուստյանը։
Ինչո՞ւ է իշխանությունը որոշել մայրաքաղաքի ամենաթանկ հատվածներում գտնվող մի քանի միլիոն դոլար արժեցող շենքերի հարցով հիմա զբաղվել՝ Գլխավոր դատախազությունից հստակ պատասխան չեն տալիս։
Պետության ու միությունների միջև վեճի առարկա դարձած Գրողների միության շենքն ավելի քան 1.5 միլիարդ, Նկարիչների միությանը 750 միլիոն դրամ արժե։ Ընդ որում՝ սա միայն կադաստրային արժեքն է։ Շուկայականը կարող է մի քանի անգամ բարձր լինել։ Հստակ չէ նաև՝ պետականացման դեպքում ինչ է նախատեսում իշխանությունն անել այդ շենքերի հետ, արդյոք միությունները դրանից հետո էլ կարող են գործել տասնամյակներով իրենց պատկանած տարածքներում։
«Թույլ տվեք Ձեր հարցին չպատասխանել այն առումով, որ դա դատախազի լիազորությունների մեջ չի մտնում, դա պետական քաղաքականություն է։ Ես կարող եմ ասել, որ հնարավոր դատական ակտի դրական ելքով դատախազության համար կգրանցվի պետության սեփականության իրավունքը վկայակոչած գույքերի նկատմամբ, բայց մնացած հարցերը դատախազի լիազորությունների մեջ չեն մտնում», - նշեց Մանյա Գալուստյանը։
Պետությունը պահանջում է նաև Գրողների միության Սևանում, Նկարիչների միության Ծաղկաձորում գտնվող հանգստյան տները, հիմնավորումը նույնն է՝ դրանք Հայաստանի սեփականության մասին 90 թվականին ընդունված օրենքով՝ պետական են համարվել են և առանց պետության որոշման չէին կարող միություններին տրվել։
Դատախազությունը պնդում է՝ այն ժամանակ պետությունը որևէ որոշմամբ դրանք Նկարիչների ու Գրողների միությանը չի հանձնել։
«Մեզ համար անակնկալ է այդ ծանուցումը, և շատ բաներ մեզ համար անհայտ են», - ասում է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
«Քանի տարի է անցել, ինչ ջրեր են հոսել, ինչ պայմանագրեր են կնքվել, ինչ պարտավորություններ ունենք մենք կամ մյուսները, այդ ամենը հաշվի չի առնվում», - նշում է Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։
Նկարիչների ու գրողների միությունները օրերս են իմացել, որ պետությունը վիճարկում է իրենց սեփականությունն ու ցանկանում իրենով անել։ Միություններում անորոշ իրավիճակ է, փորձում են վերծանել իրավաբանական խրթին տեքստերն ու հասկանալ՝ իրենց նախորդներն արդյոք որևէ խախտում թույլ տվել են։
Գրողների միության նախագահ Միլիտոնյանն, օրինակ, կասկած չունի՝ իր նախորդները սեփականաշնորհման ընթացքում անօրինական ոչ մի բան չեն արել։ Պնդում է՝ Խորհրդային միության ժամանակ շենքը հենց գրողների միջոցներով է կառուցվել։
Գրողների ու նկարիչների միության նախագահները, թեև մտահոգված են, սակայն դեռ խուսափում են հստակ գնահատական տալ պետության քայլերին։
Ասում են՝ փաստաբանները պետք է ուսումնասիրեն, պատրաստվում են դատարանում իրենց շահերը պաշտպանելուն։ Մինչ այդ մյուս ստեղծագործական միություններում էլ են մտահոգ՝ գուցե պետությունն իրենց գույքով էլ է հետաքրքրված։
Պետությունը նաև հետ է պահանջում «Հայաստան» մարզական միությանը պատկանած «Սպարտակ» համալիրի տարածքն ու մյուս շենքերը։ «Հետք»-ը պարզել էր, որ Միությունը Երևանի կենտրոնում գտնվող 2 հեկտար տարածքը 5 մլրդ դրամով անցած տարի մասնավորին է վաճառել հենց միության անդամների որոշմամբ։