«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի»․ Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի հասցեին

Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, 15-ը դեկտեմբերի, 2021թ․

Այսօր Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նագիևը։

Համաշխարհային մասշտաբով օրեցօր աճող Ադրբեջանի հեղինակությունը, հաղթանակները քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված բարենպաստ պայմանները գրավել են արևմտյան մի շարք երկրների ուշադրությունը, հայտարարել է Նագիևը՝ նշելով, թե այդ երկրները թեև «դիտորդական առաքելություն» են իրականցնում սահմանին, սակայն «նրանց իրական նպատակը ամենևին էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելը չէ»։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է Ֆրանսիան՝ նշելով՝ Փարիզը «միջնորդական առաքելություն է ստանձնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, սակայն իրականում միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին և նրան լիարժեք աջակցություն ցուցաբերել»։

Տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու փոխարեն, ըստ Նագիևի, Ֆրանսիան զենք ու զինամթերք է մատակարարում Հայաստանին։ «Ֆրանսիան այնտեղ իր ռազմական առաքելությունն է ներդնում, Հայաստանին դրդում է հերթական պատերազմի՝ փորձելով կյանքի կոչել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը»։

Բաքուն Փարիզին նաև մեղադրել է լրտեսական ցանցեր ստեղծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգությանը։

«Ձեռնարկվել և ձեռնարկվում են համապարժեք քայլեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար», - ասել է Նագիևը՝ նշելով, որ օպերատիվ իրավիճակը միշտ վերահսկելի է։

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նոր մարտահրավերներին, մեր տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների ամենատարբեր սցենարների և չկորցնենք զգոնությունն անվտանգության հարցերում», եզրափակել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը։

Հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ շատ կոշտ է արտահայտվում Ադրբեջանը, Փարիզի և Բաքվի միջև հարաբերություններն այդ պատճառով լարված են: Ֆրանսիան ու Ադրբեջանն անցյալ տարեվերջին դիվանագետների են արտաքսել։ Բաքուն նաև մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մանակացությամբ բանակցային բոլոր հանդիպումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Փարիզը ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեցին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»