Ավելի քան 150 թեղիների փոխարեն 200 հուդայածառ կտնկվի մայրաքաղաքի Թումանյան փողոցում։
Քաղաքապետարանից պնդում են՝ փողոցի բոլորը թեղիները հիվանդ են ու պետք է հատվեն։ Դա, ըստ Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի, ոչ միայն իրենց մասնագետներն են եզրակացրել, այլև՝ անկախ գիտնականներից ձևավորված խորհուրդն է հաստատել:
«Այդ խորհուրդն է որոշել փողոցների հրատապությունը, թե որ փողոցներում է առաջնային իրականացնելու, որովհետև բացի նա, որ այդ ծառերը որևիցե ֆունկցիա չեն կատարում օդի մաքրության, դրանք ուղիղ սպառնում են քաղաքացիների անվտանգությանը, որովհետև դրանք նույնիսկ անձրևի, քամու ժամանակ տասնյակներով կամ 100-ներով ենթարկվում են տապալման», - ասաց Բեգոյանը:
Քաղաքային իշխանությունների ընդդիմախոսները, մինչդեռ, մասնագետների ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում։ Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, կանաչապատման մասնագետ Քրիստինա Վարդանյանը պնդում է՝ Թումանյանում անառողջ ծառ չկա։
Վարդանյանն ասում է՝ ծառահատումից հետո ինքն էլ տեղում ևս մեկ անգամ համոզվել է՝ ծառերն առողջ էին։ Ըստ նրա՝ աչքաչափով են ՀՈԱԿ-ի մասնագետները եզրակացրել, թե թեղիները պետք է հատվեն։
Պնդում է՝ քաղաքապետարանի պատվերով մի քանի, այդ թվում՝ Կենդանաբանության, Բուսաբանության ինստիտուտները պետք է խորը ուսումնասիրություն անցկացնեին։
Քաղաքապետարանից պնդում են՝ ուսումնասիրությունները մասնագիտական են: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունում նաև չեն ընդունում, թե ավելի կարճահասակ հուդայածառերը կարող են թեղիներին այլընտրանք լինել։
«Հուդայածառը դեկորատիվ ծառատեսակ է, դա փողոցների կանաչապատման խնդիր...., առավելևս Երևանի էկոլոգիական պայմաններում, որ մենք ունենք այսպիսի ծանր վիճակ», - նշեց Վարդանյանը:
Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանի խոսքով. - «Ձևավորում է բավականին մեծ սաղարթ, ֆունկցիոնալության առումով մի քանի անգամ ավելի ֆունկցիոնալ է քան թեղի ծառատեսակը»:
Թեղիները կտրել-չկտրելու, հուդայածառեր տնկել-չտնկելու պնդումները շաբաթ օրը քաղաքային իշխանության ու ավագանու ընդդիմադիր խմբացկության անդամների միջև վիճաբանության պատճառ էր դարձել, որը քաշքշոցի էր վերածվել։
Ոստիկանությունը տարածքից «Ազգային առաջընթաց» խմբացկության 2 անդամի ու կանաչապատման ՀՈԱԿ-ի 9 աշխատակցի էր բերման ենթարկել։ Ընդդիմությունն ասում է՝ ՀՈԱԿ-ի աշխատողները հարձակվել են իրենց վրա, ՀՈԱԿ-ից հերքում ու հայտարարում են՝ ավագանու ընդդիմադիր անդամները սադրելու պատճառով էին եկել տարածք։
Ընդդիմադիրները նաև կոռուպցիոն ռիսկեր են տեսնում ծառահատման ու ծառատնկման մեջ:
«Հուդայածառի մասով կարող եմ ասել՝ իրենք ոչ մրցույթով գնում են մեկ անձից, այդ անձը փոխկապակցված է Ավինյանի հետ, և այդ մի տնկարանը կամ ներմուծում է ծառերը, հետո թանկ վաճառում քաղաքապետարանին, կամ էլ ինքն է տնկարանում աճեցնում», - ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:
Կանաչապատման ՀՈԱԿ-ի տնօրեն Բեգոյանն էլ նշեց. - «Տեղյա՞կ են էդ մարդիկ՝ ի՞նչ է նշանակում էլեկտրոնային աճուրդի միջոցով գնում, էդ համակարգն է ընտրում և տալիս հաղթողին: Ամենամեծ ցանկության դեպքում ես կամ քաղաքապետարանում նստած որևիցե պաշտոնյա չի կարող այդ համակարգի ընտրածին չընտրել, նրա հետ պայմանագիր չկնքել, գնալ կնքել մեկ ուրիշի հետ»:
Ըստ պայմանագրի՝ մեկ հուդայածառն արժեցել է շուրջ 80 հազար դրամ։ Միայն Թումանյան փողոցի 200 հուդայածառերի համար 40 հազար դոլար է հատկացվել քաղաքային բյուջեից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չնայած մասնագետները պնդում են, թե առաջարկվող ծառերը երևանյան փողոցների համար չեն, քաղաքապետարանը հետքայլ չի անի«Եղածները դարն ապրել են». քաղաքային իշխանությունները ծրագրում են հարյուրավոր ծառեր նորերով փոխարինել